AM
22 Մայիս 2026 - 14:28 AMT

Կարապետյան․ Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս ենք գալու

Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է, դուրս կգանք, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի հարցին, հայտնում է Factor.am-ը:

«Առաջին հերթին մենք ուսումնասիրելու ենք այդ պրոցեսները՝ ինչի համար է ՀԱՊԿ-ն իրեն այդպես պահել, ինչի համար է Ռուսաստանն իրեն այդպես պահել: Եթե տեսանք, ինչպես դուք ասացիք, անիմաստ կազմակերպություն է, իհարկե, դուրս ենք գալու։ Բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ անիմաստ կազմակերպություն է ՀԱՊԿ-ը, արդեն քանի տարի է՝ գոռում են դրա մասին, ինչո՞ւ չեն կարող մի ստորագրությամբ դուրս գալ, պրծնել։

Չորս տարի բա ինչի՞ համար դուրս չեն գալիս: Ուրեմն պատճառ կա, որ դուրս չեն գալիս: Միգուցե իրենք չեն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Ալիևը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Էրդողանը թույլ չի տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ: Չուսումնասիրե՞նք պատճառները»,-ասել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ:

Ապրիլի 1-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «ՀԱՊԿ-ի հետ կապված երբեք չենք թաքցրել, որովհետև 2022-ին ունեինք կոնկրետ իրավիճակ։ Եվ, իմ կարծիքով, ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին, և դա, իհարկե, հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով՝ մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց, և չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»։