AM
22 Մայիս 2026 - 14:41 AMT

ԿԸՀ–ն քննում է Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում է։ ԿԸՀ–ն քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը, հայտնում է Sputnik Արմենիան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան խուզարկել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակը, հետո Թևանյանի բնակարանը: Տեսանյութում երևում է, որ մոտ 4 ժամ տևած խուզարկությունից հետո նրանք համակարգիչ են դուրս են բերում։

«Այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային խուզարկությունների որոշման մեջ, որ անհասկանալի էր, թե ինչն էին եկել խուզարկելու և՛ մեր կուսակցության գրասենյակում, և՛ իմ բնակարանում, հիմա էլ` ավտոտնակումս։ Իրավունք չունեմ բացահայտելու, թե ինչ են տարել, ստորագրություն եմ տվել, որ նախաքննության շրջանակում չեմ կարող ասել։ Միայն կասեմ` մեր կողմից վաղուց մոռացված իրեր էին»,– ասել է Թևանյանը:

Նա հավելել է, որ գրասենյակի խուզարկությունների շրջանակում 7or.am-ի գույքն էլ են առգրավել, ու նախընտրական շրջանում խաթարվել է լրատվական կայքի աշխատանքը։

Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը, ապա Թևանյանն ասել է․ «Ինչ ղալաթ ուզում են, թող անեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու նպատակով։ Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով։

Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարն է: