AM
23 Մայիս 2026 - 06:30 AMT

Թևանյանը ձերբակալվել է․ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է, հայտնում է Արմենպրեսը:

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը քննարկվելու է մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել է, որ Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն և լրտեսություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատախազը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուԱնդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով: Այդ մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության միջնորդությունները Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն հավանություն տալու վերաբերյալ։

Մայիսի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահները խուզարկում են հարուցված պետական դավաճանության գործի շրջանակում, Թևանյանը նույնպես ներկա էր գործողություններին։

Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր, որ Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն լրտեսություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը 2024-ին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ-ում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են սահմանազատման հարցեր, որին մասնակցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով 622 հազար դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։

Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։