AM
23 Մայիս 2026 - 06:40 AMT

«Միասնության թևեր»․ Մեզ չեն ֆինանսավորում ոչ նախկինները, ոչ օլիգարխները

«Միասնության թևեր» կուսակցությունը, արձագանքելով այն տեղեկություններին, թե կուսակցությունը ֆինանսավորվում է տարբեր շրջանակների կողմից, հայտարարել է, որ իրենց չեն ֆինանսավորում ոչ նախկինները, ոչ օլիգարխները:

Նշվում է, որ տարածվող լուրերից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը և որ կուսակցությունը պատրաստ է ներկայացնել բոլոր հաշվետվությունները:

«Սկզբում հասարակությանը պատմում էին սուտ տեղեկություններ, թե Արման Թաթոյանի քարոզարշավը ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Այժմ իշխանամետ լրատվամիջոցներում հայտնվել է նոր վարկած՝ իբր ֆինանսավորվում է Արթուր Սողոմոնյանի կողմից։

Այս հայտարարություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։

Եթե որևէ մեկը իսկապես հիմքեր ունի կասկածելու քարոզարշավի ապօրինի ֆինանսավորմանը, ապա Հայաստանում գոյություն ունեն օրենքով նախատեսված բոլոր մեխանիզմները՝ դիմումներ ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, իրավապահ մարմիններ կամ պաշտոնական հարցումներ։

Այդ գործիքներից կարող էր օգտվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հրապարակային ակնարկների և քաղաքական պիտակավորումների փոխարեն։

Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի՝ փաստաթղթերով, յուրաքանչյուր ծախսային հոդվածի, յուրաքանչյուր մուտքագրման աղբյուրի և յուրաքանչյուր միջոց ստացողի վերաբերյալ։ Առավել ևս, որ կուսակցության ֆինանսական հաշվետվությունները, օրենքով սահմանված կարգով, ներկայացվում են ԿԸՀ և բաց են հանրության համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նման քարոզարշավների վտանգը միայն քաղաքական հակառակորդին վարկաբեկելու փորձերի մեջ չէ։

«Վտանգավորն այն է, որ անմեղության կանխավարկածը աստիճանաբար փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ․ սկզբում՝ հրապարակային մեղադրանք, հետո՝ ապացույցների որոնում։

Սկզբում հասարակությանը ներկայացվում է քաղաքական պիտակ, իսկ հետո արդեն փորձում են գտնել նախապես արված եզրակացության հաստատումներ։ Ցավոք, նման գործելակերպը սովորական է դարձել ոչ միայն գործող իշխանության, այլ նաև ներկայիս ընդդիմության մի մասի համար։ Եվ սա արդեն խոսում է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու ձգտման, այլ տեղեկատվական ճնշման տեխնոլոգիայի մասին։

Հենց նման պրակտիկայի դեմ ես միշտ եմ հանդես եկել՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության։ Շարունակելու եմ այդպես իմ ամբողջ թիմով նաև հետագայում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ամենակարևորը, ինչ այսօր անհրաժեշտ է Հայաստանին, իրական իրավական պետության կառուցումն է՝ հիմնված մարդու և օրենքի նկատմամբ հարգանքի վրա՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։

«Առանց դրա որևէ իշխանափոխություն չի փոխի երկիրը։ Կփոխվեն միայն այն մարդկանց ազգանունները, ովքեր իրենց համարում են «պետության տերեր»։ Իրական պետականությունը սկսվում է օրենքի և մարդու նկատմամբ հարգանքից»,-ասվում է «Միասնության թևերի» հայտարարության մեջ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։