AM
23 Մայիս 2026 - 11:02 AMT

Թևանյանի աջակիցներն ակցիա են անում դատարանի դիմաց

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կուսակիցներն ու աջակիցները ակցիա են իրականացնում Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննվում է քաղաքական գործչի խափանման միջոցի հարցը։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Թևանյանին, հայտնում է Sputnik Արմենիան:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարել էր, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի վերաբերյալ հաղորդում է ուղարկելու Քննչական կոմիտե՝ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու նպատակով։ Թևանյանն ի պատասխան հայտարարել էր, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում պատասխան է տալու իր գործողությունների համար։

Մայիսի 21-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն է տվել Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հատկանիշներով։

Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։