AM
25 Մայիս 2026 - 07:35 AMT

Մարուքյան. Կողմնակից ենք կոմպրոմիսային վարչապետի՝ թույլ չենք տալու որևէ ուժի ձևավորել բացարձակ իշխանություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի աջակցելու ոչ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ոչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և ոչ էլ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքին, հայտարարել է ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Կապանում հարցազրույցի ժամանակ:

«Մենք կողմնակից ենք կոմպրոմիսային վարչապետի ընտրությանը և թույլ չենք տալու որևէ ուժի ձևավորել բացարձակ իշխանություն կամ իշխանության ուզուրպացիա իրականացնել»,- շեշտել է Մարուքյանը, հայտնում է Factor.am-ը:

Արտաքին քաղաքականության և անվտանգության թեմաներին անդրադառնալով՝ Էդմոն Մարուքյանը բացառել է Սյունիքով որևէ արտոնյալ միջանցքի տրամադրումը և հավելել, որ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման որևէ զիջում կամ բանակցություն չի կարող լինել։

Մարուքյանը շեշտել է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո՝ արդեն հունիսի 8-ին, պետությունը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի Հայ Առաքելական եկեղեցուց և դադարեցնի եկեղեցու դեմ իրականացվող բոլոր արշավները։ Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ պետությունը պարտավոր է պաշտպանել և համագործակցել եկեղեցու հետ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։