AM
25 Մայիս 2026 - 08:33 AMT

Քոչարյան. Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին

Բանակը ՀՀ-ում դարձել է «պահակային, 90%-ը պահակություն է անում», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն Էրեբունիում հանրահավաքի ժամանակ:

«Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում: Ե՞րբ եք լսել զորավարժությունների մասին, ոչ թե «պարադի» մասին, այլ զորավարժությունների մասին։ Քանի՞ տարի է՝ չի եղել, ոչինչ չի արվում։ Ժամանակակից բանակը չի կարող լինել պահակային բանակ»,- ասել է Քոչարյանը, հայտնում է Factor.am-ը:

Նա նշել է, որ «Հայաստան» դաշինքի անվտանգության մոդելը հիմնված է երեք հիմնական բաղադրիչի վրա՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։

Նա նաև մեղադրել է իշխանություններին՝ հզոր դաշնակցի հետ հարաբերությունները հետևողականորեն վատացնելու մեջ, թեև չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը։

«Ամեն օր, հետևողական քայլերով փչացնում են հարաբերությունները այդ դաշնակցի հետ։ Ինչի՞ համար։ Որ ստեղծեն մի վիճակ՝ ասելու ձեզ, որ, ժողովո՛ւրդ ջան, ելք չունենք, մենակ ենք, ոչ ոք մեր կողքին կանգնած չի, խեղճ ենք, ուրեմն՝ պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին։ Ուրիշ բացատրություն այս ամենը չունի։ Միայն թշնամին կարող է առաջնորդել երկիրը այս տարբերակով»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Իր ելույթում երկրորդ նախագահը անդրադարձել է նաև երկրի արտաքին պարտքի ավելացմանը՝ հայտարարելով, որ վերջին տարիներին այն աճել է 8 միլիարդ դոլարով, սակայն, նրա խոսքով, Երևանում որևէ խոշոր ծրագիր չի իրականացվել։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։