AM
25 Մայիս 2026 - 10:18 AMT

Միրզոյանը՝ Մեդվեդևի խոսքերի մասին․ «Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են»

Հայաստանը չի ձգտում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Գյումրիում լրագրողների հետ զրույցում արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերին:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ հետ «հարաբերությունները խզելու ուղին է բռնել»:

«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հակառակ մոտեցումն ունի։

«Մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»,-ասել է նա:

Լրագրողների հարցին, թե այդ դեպքում ինչով են պայմանավորված նման հայտարարությունները, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, Միրզոյանը պատասխանել է․ «Չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, վստահ էլ չեմ: Շատ չեմ էլ հասցնում քարոզարշավի ընթացքում հետևել, բայց ենթադրում եմ՝ դուք էլ մասնագիտացած եք այդ ոլորտում, փորձեք ձեր ենթադրությունները անել»։

Անդրադառնալով Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին շրջանառվող տեղեկություններին՝ ԱԳ նախարարն ասել է․ «Քանի՞ անգամ կարելի է արձագանքել կատարյալ անհեթեթությանը»։

Միրզոյանը նաև նշել է, որ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը որևէ կերպ չի տեղավորվում խաղաղության օրակարգում և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

Նա նաև ասել է, որ Փաշինյանի քաղաքական քայլերը սպառնալիքի տակ են դրել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ:

«Ըստ երևույթին, նա մեզ հիմարի տեղ է դրել։ Միաժամանակ ինքն է լրջորեն սխալվել համակարգային պատկերացումների մեջ և իր երկրի համար չափազանց վտանգավոր քաղաքականություն վարում… Մտածեք միայն՝ այս մարդու գործողությունների հետևանքով կտուժի ամբողջ հայ ժողովուրդը, որը կկորցնի Ռուսաստանի շուկան, ամբողջ ԵԱՏՄ-ն և տասնամյակներով կառուցված տնտեսական կապերը», – հավելել է նա։