AM
26 Մայիս 2026 - 06:28 AMT

Փաշինյան. Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են պետք

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասել է, որ 2018 թվականից հետո Գյումրիում քաղաքային իշխանությունները բոլորովին ուրիշ օրակարգ են ունեցել՝ «խնդիրն է եղել Գյումրիի ժողովրդին հանել Կառավարության դեմ», հայտնում է Արմենպրեսը:

«Խնդիր է եղել հիասթափություն տարածել կառավարության նկատմամբ, և կառավցարությանն էլ համոզել, թե Գյումրիում ամեն ինչ էնպես է, ինչպես պետք է ընթանա։ Ես հիմա հասկանում եմ, որ մենք Գյումրիի վերադարձնելու շատ մեծ պարտք ունենք»,- ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ այս պահից սկսած Գյումրիում տեղի ունեցող բոլոր պրոցեսների համար, քաղաքի բարեկեցության ու վերակառուցման համար անձամբ ինքն է կրում պատասխանատվություն և պարտավորություն։

Գյումրիի Վարդանանց հրապարակից առանձին դիմելով Շիրակի մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ վարչապետը հայտարարել է, որ Շիրակի մարզ իրենց այցի առաջին օրը տեղի է ունեցել կարևոր իրադարձություն՝ Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար բացվել է Ախալքալաք-Կարս երկաթուղին։

«Այսպիսով, Հայաստանը երկաթուղային հասանելիություն ստացավ դեպի Եվրամիության երկրներ, Եվրոպայի՝ ԵՄ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Մեծ Բրիտանիան, հասանելիություն ստացավ Թուրքիայի, Սիրիայի շուկաներին։ Սա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև մենք այսպիսով հաղթահարեցինք Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլը։ Հիմա մենք երկաթուղային կապ ունենք դեպի Արևմուտք և դեպի Արևելք: Սա առաջին, բայց ոչ ամբողջական փուլն է, առջևում մեզ սպասվում են մեծ իրադարձություններ»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով, որ առջևում TRIPP նախագծի իրականացումն է, որի միջոցով վերաբացվելու է Մեղրիով անցնող երկաթուղին, և TRIPP նախագիծը գործելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության և սահմանների անխախտելիության սկզբունքի հիմքով։

Փաշինյանը նշել է, որ TRIPP-ը Հայաստանի տնտեսական զարգացման ամենահեռանկարային նախագծերից մեկն է։

«Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ տալու, միջանցքներ խոստացած լինելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը նսեմացնելու մեջ, նրանք կանգնած են ֆիասկոյի առաջ։ TRIPP նախագիծը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է, և Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծը։ Եվ հիմա շատ կարևոր է, թե այս ամեն ինչին ինչպես է արձագանքում Սյունիքի մարզը․ Սյունիքի մարզում և Մեղրիում անշարժ գույքի և հողի գները աճում են, որովհետև մարդիկ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը, Սյունիքը և Մեղրին դառնում է խաղաղության խաչմերուկ։ Մեղրին, Սյունիքը ծայրամասից վեր են ածվում կենտրոնի։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի», – ասել է Փաշինյանը։

Նա խոսել է նաև Շիրակի մարզում սպասվող ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ մարզում ևս կարևոր զարգացումներ են սպասվում։

«Առաջիկայում մենք մեկնարկում ենք Ախուրիկի երկաթուղային հանգույցի նորոգումը և պատրաստվում ենք Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու վերաբացմանը։ Նաև ասեմ՝ մենք չէինք նկատել, բայց միջազգային փորձագետները 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո համակ ուշադրությամբ հետևում են Հայաստանին և Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, նկատել են, որ Արևմուտքից Արևելք կամ Արևելքից Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է ՀՀ Տավուշի, Լոռիի և Շիրակի մարզով։ Հիմա միջազգային ներդնողները մեզ մոտ են եկել նոր առաջարկով՝ կառուցելու Արևելք-Արևմուտք նոր մայրուղի, որն, ինչպես Հյուսիս-Հարավը, նույնպես անցնելու է Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերով։ Առաջիկա տարիներին երկաթուղուն զուգահեռ մենք կսկսենք նաև ավտոճանապարհի կառուցումը, որը կծառայի Արևելք-Արևմուտք ճանապարհին և կլինի Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ նախագծերի շնորհիվ Հայաստանում ներդրվելու են միլիոնավոր դոլարներ։

Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացների արդյունքում Հայաստանը վերածվելու է զարգացած և բարեկեցիկ պետության, քանի որ երկիրը, այդ թվում՝ Շիրակի մարզը, դառնում է խաղաղության խաչմերուկ։

«Այսօր ոմանք անուն են դնում ժողովրդի կողմից այսքան սիրված այս խորհրդանիշին (ցույց է տալիս ՀՀ քարտեզը՝ խմբ․), որը խորհրդանշում է Հայաստանի պետությունը, ՀՀ միջազգայնորեն ճանաչված, միջազգայնորեն սահմանված տարածքները։ Նրանք մեզ մեղադրում են, թե մենք ինչու ծովից ծով Հայաստանի քարտեզ չենք կպցնում մեր կրծքերին, իսկ դրա պատճառը մեկն է․ որովհետև այդ գաղափարաբանությունը նշանակում է նոր պատերազմներ Հայաստանի համար։ Նոր պատերազմներ, որոնցում պատերազմի եռագլուխ կուսակցության զավակներից ոչ մեկը չի մասնակցելու և առավել ևս չի զոհվելու։ Ավելին ասեմ՝ այդ մարդիկ, ովքեր այսօր խոսում են ծովից ծով Հայաստանի մասին, նրանք բոլորը ունեն բնակարաններ, վիլաներ, կղզիներ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ ՀՀ-ն նրանց համար ապրելու վայր չէ, ՀՀ-ն նրանց համար խոպան է, որտեղ նրանք գալիս են ժողովրդին հարստահարելու, Հունաստաններում, Դուբայներում, Եվրոպաներում, Ամերիկաներում տներ առնելու։ Նրանք մեզ ուզում են ներքաշել նոր կռիվների, նոր պատերազմների մեջ՝ հայրենասիրական կեզղծ կոչերով, բայց մենք ասել ենք և ասում ենք՝ հայրենիքը պետությունն է։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, և այլևս թույլ չենք տալու, որ այն դարձնեն կոնֆլիկտների և պատերազմների կոխան։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեր սերունդներն ապրեն դարեդար, ապրեն ազատ և երջանիկ», – հավելել է Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։