AM
26 Մայիս 2026 - 06:37 AMT

Նախընտրական մեծ հեռուստաբանավեճերը՝ հունիսի 1-ին, 2-ին և 4-ին ուղիղ եթերում

Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 1-ին, 2-ին և 4-ին կազմակերպելու է նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր՝ ուղիղ եթերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նա տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները, իսկ դրանց մի մասն արդեն մասնակցել է նախապատրաստական հանդիպմանը։

«Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները։

Սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը»,-գրել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։