AM
26 Մայիս 2026 - 07:14 AMT

Կարապետյանը հանդիպել է արցախցիներին․ «Հայաստանում փոքրիկ Արցախ ենք ստեղծելու»

Հայաստանում ստեղծվելու է փոքրիկ Արցախ, որտեղ արցախցիները հնարավորություն կունենան պահպանելու իրենց մշակույթը, հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն արցախցիների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ առաջնահերթորեն ստեղծվելու են պայմաններ, որպեսզի արցախցիները Հայաստանում ապրեն արժանապատիվ կյանքով, իսկ դրան զուգահեռ դիվանագիտական ճանապարհով փորձ է արվելու հասնել արցախցիների անվտանգ վերադարձին, հայտնում է Sputnik Արմենիան:

Կարապետյանը նաև հավելել է, որ նպատակ ունի հնարավորինս կարճ ժամկետում հասնել Ադրբեջանում պահվող գերիների վերադարձին։

«Այնտեղ իմ ընկերներն են, ու ես իրավունք չունեմ այդ հարցը չդարձնել մեր կառավարության գլխավոր հարցը»,- ասել է նա։

Կարապետյանը վստահեցրել է, որ արցախցիների խնդիրները լինելու են առաջնային ուշադրության կենտրոնում։

Սփյուռքի թեմային անդրադառնալով՝ Կարապետյանը նշել է, որ այդ հարցն իր համար ամենացավալիներից է, հայտնում է Panorama.am-ը:

«Ես չեմ կարող ասել, որ երբ մենք գանք իշխանության, հենց առաջին օրվանից Սփյուռքը հերթ է կանգնելու և առաջին օրվանից գալու է Հայաստան՝ մինչև մենք չստեղծենք հարուստ, առանց աղքատության պետություն։ Մեր պետության կեսը կամ աղքատ են, կամ աղքատության շեմին»,-հայտարարել է Կարապետյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որն շարունակվելու է մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որն ընտրական քվեաթերթիկում զբաղեցնում է 13-րդ համարը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։