«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառում՝ հրապարակելով ձայնագրություն։
Ըստ ձայնագրության՝ Մարտունի համայնքի կրթության բաժնից զանգահարում են մանկապարտեզների տնօրեններին ու պարտադրում, որ գնան ՔՊ կենտրոնական գրասենյակի բացմանը, հայտնում է Sputnik Արմենիան:
«Բարև ձեզ, հարգելի՛ տնօրեններ, այսօր ժամը 7-ին Մարտունի քաղաքում բացվելու է ՔՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղյակ պահեք, որ անպայման ներկա լինեն»,- լսվում է ձայնագրության մեջ։
Թաթոյանի տեղեկություններով՝ դրանից հետո Մարտունիում կազմվել են նաև այն քաղաքացիների ցուցակները, որոնք չեն աջակցում գործող իշխանությանը, և այդ տվյալները փոխանցվել են համայնքապետարան։
«Սա է այսօրվա վիճակը, որ ի սկզբանե անարդար են անցկացվում ընտրությունները»,- ասել է Թաթոյանը։
Նա հավելել է, որ այս նյութերը ևս ուղարկվելու են իրավապահ մարմիններին՝ քննության նպատակով։
Նշվել է նաև, որ ավելի վաղ Արման Թաթոյանը հրապարակել էր մեկ այլ ձայնագրություն, որտեղ, ըստ նրա, լսվում էր, թե ինչպես է Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսներից մեկը պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Մայիսի 18-ին Թաթոյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել դատախազություն, սակայն, նրա խոսքով, մինչ այժմ որևէ արձագանք չի եղել։
Թաթոյանը նշել է նաև, որ ընտրակաշառքի հիմնական բաժանողը գործող իշխանությունն է։ Նրա խոսքով՝ ունեն փաստեր այն մասին, թե ինչպես են քաղաքացիներին հողեր նվիրել։
Մայիսի 8-ին մեկնարկել է պաշտոնական նախընտրական քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում ընդգրկված է 13-րդ համարի ներքո, ներկայացրել է ինքնաբացարկի դիմում։





