ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը, որով առաջարկվում էր քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզարշավի ընթացքում հնչած արտահայտություններին իրավական գնահատական տալու նպատակով, հայտնում է Sputnik Արմենիան:
«․․․Հնչեցված բառապաշարը թեև նախընտրական քարոզչության շրջանակում զսպվածության, քաղաքական կոռեկտության համատեքստում չէ, այնուամենայնիվ, չի առաջացնում «հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդների կամ բռնության կոչերի, բռնության կիրառման սպառնալիքների կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանքի» ընկալում»,- կարծում է ԿԸՀ-ն։
Այդ պատճառով հանձնաժողովը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտում չի արձանագրել։
Նշվել է, որ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել՝ պնդելով, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվող համակարգային խախտումները վտանգում են ընտրական գործընթացի լեգիտիմությունը և ձևավորում են քաղաքական մրցակցության անհավասար պայմաններ։
Վարդևանյանի ներկայացրած դիմումում ասվում էր․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ներկայումս ՀՀ վարչապետի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը դուրս է եկել քաղաքական բանավեճի և կարծիքի ազատ արտահայտման իրավական սահմաններից։ Վերջինիս հրապարակային ելույթներում տեղ են գտել քաղաքական տարբեր ուժերմ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վարկաբեկող, հանրային թշնամանք հրահրող և կուսակցության ղեկավար անձանց արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ»:
Առանձնացվել են նաև Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից մի շարք հատվածներ, որոնցում նա Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերն անվանել է «պատերազմի եռագլուխ կուսակցություն», ինչպես նաև կիրառել է «հանցավոր մաֆիա», «քրեաօլիգարխիկ ռեժիմ», «դուրս են եկել վերջին մարտի՝ իշխանությունը խլելու» ձևակերպումները։
Վարդևանյանի ներկայացրած դիմումում ընդգծվել է, որ այդ արտահայտությունները միտված են ընտրողների շրջանում բացասական հույզերի, վախի, ատելության և ագրեսիայի ձևավորմանը՝ այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ։
Վարդևանյանը դիմումում մեջբերել է նաև Փաշինյանի ելույթներից մեկը, որտեղ նա հայտարարել էր՝ «․․․ չոքցնելու եմ, սատկացնելու եմ․․․ Կալուգացուն էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, չոքացնելու եմ․․․» և այլն։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





