«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը քաղբանտարկյալ է համարում վերջին 1 տարում քրեական վարույթներով անցնող բոլոր անձանց։ Այս մասին նա հայտարարեց ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ էլ իրականացնում է կուսակցության քարոզարշավը։
«Բոլոր այն անձինք, ում հանդեպ վերջին 4-5 ամսում, դրանից առաջ էլ մինչև 1 տարվա ընթացքում քրեական վարույթներ են նախաձեռնվել քաղբանտարկյալներ են սկսած Սամվել Կարապետյանից։ Բագրատ սրբազանի գործն էլ առաջիններից է եղել»,– նշել է Մարուքյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա պնդել է, որ իրավապահ մարմինների հրապարակած որևէ ձայնագրության չի հավատում, հատկապես Բագրատ սրբազանի գործով, իր բնորոշմամբ, կեղծված ձայնագրությունից հետո։ Մարուքյանը նաև հայտարարել է, որ «ամբողջ ժողովուրդը ներկայում գաղտնալսվում է», թեև դա, նրա խոսքով, անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





