Երաշխավորված խաղաղություն է պետք, «խաղաղություն չկա, պայմանավորվածություն է», ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ:
«Այսօր անհրաժեշտությունը խաղաղությունն է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա՝ էլ պատերազմ չկա, խաղաղություն է, պատերազմի դուռը փակի, զբաղվի իր անելիքով, իր գործով։ Դա երաշխավորված խաղաղությունն է, որ մենք կազմել ենք և պատրաստ ենք այդ հարցը կարգավորելու։ Էսօր ասում է՝ խաղաղություն, ժողովուրդ ջան, խաղաղություն չկա, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության դեպքում պետք է լինի ստորագրած թուղթ, փաստաթուղթ, ոչ թե ամեն օր կանգնել առաջարկ ներկայացնել»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա համոզմունք է հայտնել, որ անհնարին և չլուծվող խնդիրներ չկան։
«Ասօր ժողովուրդը հոգնել է լսել հայհոյանք, վիրավորանք, ցեղ շպրտել, դատարկ-դատարկ խոսք։ Մարդիկ ուզում են իրենց խնդիրների լուծումն ունենալ»,-ասել է Ծառուկյանը։
Նա անդրադարձել է նաև առողջապահության և սոցիալական այլ խնդիրների։
«Այսօր պետք է առողջապահությունը լինի անվճար, կրթությունը պետք է լինի անվճար, թոշակները պետք է լինեն ամենացածրը 78,000 դրամ ՝ իրենց տված 49, 59 հազարի փոխարեն։
Մյուսը՝ վարկերի խնդիրն է։ Այսօր ամբողջ ազգը վարկի տակ է, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է կառոնավիրուս, համաճարակ, էդ մարդիկ չեն աշխատել 2-3 տարի, եղել է պատերազմ: Մարդիկ էսօր ապրելու գոյատևելու համար, բուժվելու համար պարտքեր են գոյացել, պետությունն անմիջապես պետք է մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողներին ներում շնորհի։ Այսօր պետական պարտքը 8 միլիարդից դարձել է 15 միլիարդ, 8 տարում տարի մեկ միլիարդ ավելացել է, բայց ոչ աշխատատեղ է ավելացել, ոչ էլ ժողովուրդն իր առօրյայի վրա զգացել է դա։ Հակառակը՝ թանկացումներ, գույքահարկ, չգիտեմ ինչ, արմեն բան թանկացել է, մարդկանց վիճակն ավելի ծանրացել է»,-ասել է Ծառուկյանը:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ նա նշել է, որ գյուղնախարարության փակվելուց հետո գյուղացիները մնացել են առանց համապատասխան աջակցության։
«Էս մարդիկ մշակում են, արարում են, բարիք են ստեղծում, ո՞ւմ դիմեն։ Ոչ մեկ էլ չեն դիմում, պատերի տակ նստած խեղճացած։ Տեր չկա, դիմել չկա։ Ո՛չ դեղորայք, ո՛չ պարարտանյութ, ո՛չ էլ սելիտրատ կա, ո՛չ մի բան չկա։ Դրա համար այսօր գյուղերից պակասում են։ Ասում են՝ մենք դպրոցներ ենք կառուցել, դղյակներ են կառուցել։ 8 տարում 259 դպրոցից 50 են կառուցել, 50-ից 26-ն է պատրաստ եղել։ Բայց այս տարի 230 դպրոց փակվում է, որ մարդիկ տարածքներից գնում են Երևան, գալիս են Երևան։ Հակառակը պետք է լիներ, հնարավորություն տրվեր, որ կարողանան ճիշտ կազմակերպել աշխատանքը»,-ասել է ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժն ունի ծրագիր և ուժեղ թիմ՝ առկա խնդիրները լուծելու համար։
«Այսօր առողջապահության համար բյուջեից տրամադրվել է 700 միլիոն դոլար, էսօր ժողովուրդը առողջապահությունից գո՞հ է, դուք կարողանո՞ւմ եք գնաք բուժվեք։ 700 միլիոն տված ա, բայց մարդիկ չեն կարողանում բուժում ստանալ։ Այսինքն՝ սխալ է ձևակերպումը, պետք է դրվի անվճար համակարգ»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ յուրաքանչյուր հանդիպում իր համար շատ կարևոր է:
«Երբ տեսնում եմ մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում նրանց սպասելիքներն արդարացնելու համար։ Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է։ Մարդիկ ուզում են խաղաղ, ապահով ու կայուն ապագա»,- գրել է Գագիկ Ծառուկյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





