Քննչական կոմիտեն վարույթ չի նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցրած արտահայտությունների առնչությամբ։ Այդ մասին հայտնել են կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:
Կոմիտեից հայտնել են․ ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման դեպքի առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ արձանագրություն, որը, օրինականությունը հաստատելու նպատակով, ուղարկվել է հսկող դատախազին»։
Փաշինյանը նախորդ շաբաթ քարոզարշավի ընթացքում երկու տարբեր միջադեպերում, վիճաբանելով արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանի և բժիշկ Արփինե Սողոյանի հետ, Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին «սատկացնելու» և «կզացնելու» վերաբերյալ հայտարարություններ էր արել։
Քարոզարշավի ընթացքում 44-օրյա պատերազմի օրերին անհետ կորած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և նրան մեղադրել «հայրենիքը գողանալու» մեջ։
Ի պատասխան՝ Փաշինյանը կոշտ արձագանք էր տվել․ «Եթե դուք Ռոբն եք, ես Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու եմ, Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին կզացնելու եմ ու կզացնելու եմ»,- բղավել էր Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան կինը նշել էր, թե «կզածը Փաշինյանն է»։
Փաշինյանը շարունակել էր․ «Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու․․․ էն մասկեքով, մասկեքով, որ ղարաբաղյան ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆեռարի ֆորսաժով փախել են պատերազմից․․․․․ Ռոբիդ կզացնելու եմ, չոքցնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուդ էլ եմ չոքացնելու։ Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք, և ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում․․․վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը, ա՛յ ստահակներ, ա՛յ, փախածներ, ա՛յ, ա՛յ, մեր էրեխեքին հակառակորդի առաջ մենակ․․․, Ղարաբաղի ակցենտով, մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը»։
Փաշինյանի հայտարարություններից հետո Factor.am-ը դիմել էր Դատախազություն՝ պարզելու՝ ուսումնասիրվե՞լ են արդյոք ԶԼՄ-ներում տարածված տեսանյութերը՝ վարչապետի հայտարարությունների առնչությամբ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու նպատակով։ Կառույցից պատասխանել էին, որ նման ուսումնասիրություն չի իրականացվել։
Այս միջադեպի կապակցությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։
ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ներկայացրած դիմումը, որով առաջարկվում էր քննարկման առարկա դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հնարավոր պատասխանատվության միջոցների հարցը և դիմել իրավասու մարմիններին՝ քարոզարշավի ընթացքում հնչած արտահայտություններին իրավական գնահատական տալու նպատակով:





