AM
26 Մայիս 2026 - 12:30 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից

Հայաստանը ներկայում սպառազինություն է ձեռք բերում 6-7 երկրից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը:

Նա անդրադարձել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված զորահանդեսին՝ նշելով, որ այնտեղ ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ, հայտնում է Արմենպրեսը:

«Զորահանդեսին ներկայացնելու ենք ժամանակակից օտարերկրյա արտադրության զենքեր։ Շատ կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք: Մենք երկու-երեք երկրից չէ, որ զենք ենք ձեռք բերում։ Մենք 6-7 երկրից զենք ենք ձեռք բերում։ Սա կարևոր է, որ մենք ունենանք ընտրություն»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել է, որ զորահանդեսին ներկայացվելու է Հայաստանում արտադրված ժամանակակից սպառազինություն։

«Ամենակարևորը՝ նաև ժամանակակից սպառազինություն է լինելու որոշակի չափի, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, անցկացվելու է զորահանդես, որի ընթացքում ցուցադրվելու է վերջին չորս տարիներին Հայաստանի զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։

Մինչև 2022 թվականը Հայաստանի հիմնական սպառազինության մատակարարը Ռուսաստանն էր, սակայն 2022 թվականից Հայաստանի իշխանությունները դիվերսիֆիկացրել են սպառազինության ձեռքբերման շուկաները։ Մասնավորապես, վերջին տարիներին սպառազինություն է ձեռք բերվել Հնդկաստանից, ինչի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել հնդկական մամուլում, ինչպես նաև Ֆրանսիայից, որի մասին Հայաստանն ու Ֆրանսիան 2023-2024 թվականներին ստորագրել են մի շարք պայմանագրեր։