AM
26 Մայիս 2026 - 12:42 AMT

Չարենցավանցին՝ վարչապետին․ Տղաս 2020-ին զոհվել է, ինձ դի են տվել, պարզվում է` նա գերության մեջ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Չարենցավանում քարոզարշավի ժամանակ դիմել է մի քաղաքացի՝ ասելով, որ իր որդին 2020-ին զոհվել է, իրեն դի են տվել, բայց պարզվում է, որ նա գերության մեջ է:

«Իմ տղան 2020 թվականին զոհվել է, ինձ դի են տվել, բայց բանից պարզվում է, որ իմ տղան գերության մեջ է։ Աշխարհ էլ քանդվի, ես գտնելու եմ որդուս՝ Ելինյան Արամին»,- ասել է նա և տեսանյութ ցույց տվել, հայտնում է Panorama.am-ը:

Փաշինյանին դիմել է նաև Բաղաբյան Գրետան` նշելով` 3 ժամ սպասում է, որ այդ հարցը տա։

«Ես 44-օրյա պատերազմում զոհվածի հորաքույր եմ։ Ինքն ունի 3 անչափահաս երեխա, փոքրը նույնիսկ երկու տարեկան է եղել, երբ հայրիկը զոհվել է, հիմա նրանց նպաստը կտրել են, կարա՞ք ասեք, ինչի համար»,-Չարենցավանում

Նա նաև նշել է, որ իր և եղբորը նպաստից կտրել են, երբ եկել տանը տեսել են, որ հեռուստացույց ու սառնարան ունեն, այն դեպքում, երբ երկուսն էլ թոշակառու են։

Մեկ այլ՝ Արցախից բռնագաղթած կինն ասաց, որ իր որդին և փեսան զոհվել են Ջրականում և խնդրեց որդուն Ստեփանակերտից արտաշիրիմում անեն։

«Հուղարկավորել ենք Հադրութում, արտաշիրիմում եմ արել Ստեփանակերտ, բայց ես հիմա մի ծաղիկ չեմ կարողանում խոնրահեմ իմ որդու շիրիմին»,- ասել է արցախցին։

Նա նաև պատմել է, որ երբ զոհված որդու համար պետությունը 10 մլն դրամ է վճարել, մինչև Արցախից բռնագաղթելը Չարենցավանում տուն են գնել, որպես հիշատակ, բայց բռնագաղթելուց հետո իր հարսը և որդին զրկվել են 4 մլն դրամի բնակապահովման գումարից և խնդրել է, որ այն հատկացնեն, որ գոնե հող գնեն։

Փաշինյանն ասել է, որ ըստ կարգավորման բնակապահովման գումարը հատկացվում է այն արցախցիներին, ովքեր Հայաստանում տուն չունեն։ Կինը հակադարձել է, որ այդ տունը զոհված որդու գումարով են առել։

Նշելով, որ հասկացել է՝ Փաշինյանը խոստացել է հարցն առանձին դիտարկել։

Չարենցավանցի Մաթևոսյանն էլ ասել է, որ որդին զոհվել է, բայց 2022թ-ից որպես փախած «ռոզիսկ են տվել»։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։