Հայաստանը և ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը: Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ստորագրվել է նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, հայտնում է 1lurer.am-ը:
Բացի այդ, կողմերը ստորագրել են կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիր։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ժանետ Ռուբիոյի հետ ժամանել է Հայաստան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա կինը՝ Գոհար Աբաջյանը:
Փաստաթղթի ստորագրումից հետո Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն հանդես են գալու մամուլի համար հայտարարություններով։





