AM
26 Մայիս 2026 - 13:17 AMT

Փաստաբան․ Բլոգեր Ավետիսյանի գործով նոր զարգացումներ կան՝ մեղադրանքը փոխվել է

Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործով նոր զարգացումներ կան՝ մեղադրանքը փոխվել է, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեսյբուքյան տեսաուղերձում:

«Բլոգեր Արտակ Ավետիսյանի գործով ունենք հետաքրքիր զարգացում, մեղադրանք փոխվել է։ Նույն ձայնագրությունը, որը նախկինում որակվում էր որպես ատելության խոսք, հիմա որակվում է խուլիգանություն»,- ասել է նա:

Ըստ նրա՝ խուլիգանության հոդվածը դարձել է ամենահաճախ կիրառվողներից մեկը:

«Ցանկացած քննադատական խոսքի վրա դնում են խուլիգանություն։ Արտակ Ավետիսյանի մեղադրանքի վերաորակավորում եղավ, մտածեցին շառից փորձանքից հեռու, այսօր հայտնեցին նախաքննության ավարտի մասին․․․Մի բան հստակ է, Արտակ Ավետիսյանի խոսքը ատելություն չէ, եթե մենք Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարց չենք բարձրացնում, ապա դա ուղղակի ոչ իրավաչափ է»,- ասել է Մելիքյանը։

Նա հավելել է, որ, հավանաբար, դատական նիստը կլինի ընտրություններին հաջորոդող օրերին։

Բլոգեր Արտակ Ավետիսյանը ձերբակալվել է մայիսի 12-ին՝ Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղավելու համար։

Մայիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ կատարելու համար։ Նա ձերբակալվել էր, իսկ դատարան ներկայացվել էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։