ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մի շարք փաստաթղթերի նախաստորագրումից հետո իր կարճ խոսքում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում Հայաստանի անկախ ապագայի համար։
«Եվ մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին, այս խիզախությանը, ձեր նվիրվածությանը և պատրաստակամությանը երկրի ապագայի համար։ Մենք ուրախ ենք և հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա անդրադարձել է նաև TRIPP նախաձեռնության շրջանակում ռազմավարական համագործակցությանը՝ նշելով, որ իր համար պատիվ է առաջ տանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականը, որը բնութագրել է որպես «խիզախ ուղի»։
«Այս խիզախ ուղին Հարավային Կովկասը տանում է խաղաղության․ այդ ուղին ամրագրվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր արտգործնախարարի հետ նախաստորագրել մեր երկկողմ համաձայնագիր, որն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման ճանապարհ է»,– նշել է Ռուբիոն։
Պետքարտուղարի խոսքով՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով։
«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները։ Մենք հարգում ենք ինքնիշխանությունը. այսպես են լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները, երբ երկու երկրներն էլ առավելություններ են տեսնում իրենց համագործակցության մեջ։ Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք ապագայի վերաբերյալ մեր տեսլականը և կարող ենք միմյանց օգնելով՝ միասին հասնել ավելի լավ ապագայի»,- ընդգծել է նա։
Ռուբիոն նշել է նաև, որ փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է կարևորագույն հանքանյութերին։
«Բոլոր այցերի ժամանակ կարևորագույն հանքանյութերի մասին մենք շատ ենք խոսում․ բոլոր տեխնոլոգիաները, նորարարությունները 21–րդ դարում սա անհրաժեշտ գործոն է, դրանց մշակումն ու վերամշակումը, արդյունահանումը կարևոր է ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կկարողանան դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել ու հայտնվել նորությունների կենտրոնում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Արարատ Միրզոյանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման կարևորության մասին, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ Երևանն ու Վաշինգտոնն այսօր գտնվում են համապարփակ ռազմավարական գործընկերության փուլում, որն արդեն բնորոշվում է որպես պատմականորեն աննախադեպ զարգացում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին Հայաստան կատարած այցի և երկկողմ օրակարգի առաջմղման համար՝ նշելով, որ դա վկայում է կողմերի քաղաքական կամքի և հետևողական համագործակցության մասին։
«Մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հաաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ։ Մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ՝ հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի զարգացումները»,- ասել է Միրզոյանը։
Նա անդրադարձել է նաև վերջին տարիներին անցկացված բարձր մակարդակի հանդիպումներին և ստորագրված փաստաթղթերին՝ ընդգծելով համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի, ինչպես նաև հանքարդյունաբերության և կրթության ուղղություններով։
Միրզոյանը հիշեցրել է նաև Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը՝ նշելով, որ այն նպաստել է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունների ձևավորմանը։
Նախարարի խոսքով՝ հետագա ամիսներին ստորագրված փաստաթղթերն ու իրականացված քննարկումները ամրապնդել են համագործակցության իրավական և քաղաքական հիմքերը։
Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում վերածվելու են Հայաստանի համար նոր հնարավորությունների՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ոլորտներում։
ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել նախօրեին, մինչ այդ այն պաշտոնապես չէր հայտարարվել։ Ռուբիոն ժամանել է Նյու Դելիից և «Զվարթնոց» օդանավակայանում փաստաթղթեր ստորագրելուց ու հայտարարություններից հետո հեռացել է Հայաստանից։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։





