AM
27 Մայիս 2026 - 07:38 AMT

Գարեգին Բ․ Իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել եկեղեցին

Իշխանությունները նպատակ են հետապնդում «ամեն գնով պառակտել, տկարացնել եկեղեցին», հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված քահանայից տարեկան ժողովի ժամանակ:

«Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին, խոչընդոտել եկեղեցու ազգաշահ, արդյունավետ գործունեությունը և նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային ինքնության, պատմական հիշողության և նվիրագործված արժեքների պահպանման հարցում»,-ասել է նա:

Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցած ցնցումներին ու հատկապես տարածաշրջանում ընթացող պատերազմական գործողություններին, որոնք իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են ունեցել նաև ազգային և հայրենական կյանքի վրա՝ նա իր խոր մտահոգությունն է հայտնել ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «հակաեկեղեցական արշավի, անհիմն մեղադրանքներով եկեղեցականների դեմ հալածանքների և Եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունների առնչությամբ»։

«Արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաև հովվական առաքելության մեջ, զավթված են պահվում սրբավայրերը, առանձին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական, սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգևոր զգացումները, աղճատել կրոնածիսական կյանքը։ Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորվել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ», – նշել է Վեհափառը:

Նա ցավ է հայտնելով, որ հանրությանը ներկայացվող հիշյալ ծրագրի իրականացմանը, կեղծ պատճառաբանություններով, ներգրավվել են նաև մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ և թեմերի քահանաներ:

Նա նշել է, որ որոշ հոգևորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության և Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ՝ ոտնահարելով Մայր Աթոռի իրավունքները, ինչը, անտարակույս, ունենալու է կարգապահական հետևանքներ։

Խոսելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ներառված՝ եկեղեցու հոգևոր պետի հեռացման և այլ գործողությունների նախատեսումով, «այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգի մասին»՝ կաթողիկոսն ընդգծել է․ «Հոգևոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի, հակասում է մեր Սուրբ եկեղեցու կանոնական սկզբունքներին և ուղղակի միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Արհեստածին «բարենորոգման» ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով՝ ուղեկցվելով նաև բացահայտ զրպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է՝ հիմնված բացառապես եկեղեցու՝ դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, վավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի, պիտի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես և ՀՀ օրենսդրությամբ, միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները և կանխելու եկեղեցու կյանքում այսօրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը»։

Դիմելով հոգևոր սպասավորներին՝ Նորին սրբությունը հաստատել է, որ առկա փորձությունները պետք է հաղթահարվեն արժանապատվորեն, եկեղեցական կանոնների անշեղ հարգումով ու կարգապահությամբ։

«Ամենքս այսօր պարտավորությունն ունենք առաջին հերթին եկեղեցու մարմինը անխաթար, ամբողջական ու միասնական պահելու և թույլ չտալու, որ արտաքին միջամտություններով պառակտվի Եկեղեցին։

․․․Մայր Տաճարի խորանի առջև կատարած ուխտի հանդեպ հավատարմությունը պետք է առաջնորդի ամենքիս մեր բոլոր որոշումներում և քայլերում, որպեսզի եկեղեցին, անսասան իր կոչման մեջ, հավետ լինի անլռելի կոչնակը աստվածահաճո կյանքի, քաջարի ջատագովը արդարության ու ճշմարտության, աննկուն պաշտպանը Քրիստոսի հետևորդների շահերի և իրավունքների։

․․․Շարունակեք հովվական խնամք տանել և հոգալ կարիքները մեր ժողովրդի զավակների, քաջալերել ընթանալ աստվածսիրության շավիղներով, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները», – ասել է Գարեգին Բ-Ն։

Ներկայացված բանախոսությունների շուրջ ծավալվել են քննարկումներ, եկեղեցականները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հովվական ծառայության առավել արդյունավետ կազմակերպման առնչությամբ։

Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: