ՀՀ կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց, հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Մայիսի 25-ին լրացել է ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից ընկերության 100% բաժնետոմսերի՝ կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարումը։
Կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այդ չափը անընդունելի էր համարել, և մայիսի 25-ին ՀՀ կառավարության հետ բանակցությունները չեն կայացել։
«Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել, և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,- գրել է Պետրոսյանը։
Ազգային ժողովը 2025-ի հուլիսի 3-ին ընդունել էի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը հայտնի է որպես ՀԷՑ-ի պետականացման նախագիծ։ Հուլիսի 18-ին հայտնի էր դարձել, որ ՀԾԿՀ-ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիման վրա վարույթ է հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ։





