AM
27 Մայիս 2026 - 08:27 AMT

Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ Նա իր տեսակով վտանգավոր է հայ ժողովրդի համար, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր տեսակով վտանգավոր է հայ ժողովրդի համար», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Կապանում հանրահավաքի ժամանակ։

«Երևի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեր ժողովուրդն ունեցել է երկու ձեռաստեղծ արհավիրք՝ 44-օրյա պատերազմն ու Արցախի հանձնումը։ Ո՞վ է այդ արհավիրքների հեղինակը։ Մինչև 2020 թվականը հրահրեց պատերազմ, Ալիևին շանս տվեց պատերազմ պլանավորելու համար, փչացրեց հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ, պառակտում մտցրեց Հայաստանի ներսում։ Ինչ ասես՝ չարեց երկիրը թուլացնելու համար։ Վերջը ստացանք պատերազմ ու պարտություն։ Ասում է բանակը սկսել եմ ստեղծել զրոյից։ Ոչ մի բան չի՞ հիշացնում ձեզ։ Զրոյական կետից սկսեց բանակցությունները, բերեց պատերազմ, հիմա ասում է՝ զրոյից բանակ ենք կառուցում, ինչ կար՝ ավերակ էր։ Հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու։ Մենք պետք է այս ընթացքը կանգնեցնենք»,- ասել է Քոչարյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հայտարարել է, որ իշխանությունները չեն խոսում նախընտրական խոստումների մասին և երկիրը հասցրել են ծանր հետևանքների,

«Ինչի՞ մասին է խոսում այն քաղաքական ուժը, որը 2021 թվականին ստացել է ժողովրդի քվեն. ընդհանրապես չի խոսում իր խոստումներից: Անկեղծ, սա երևի եզակի դեպքերից մեկն է, ես չգիտեմ՝ նման դեպք աշխարհում ընդհանրապես կա, թե չկա, երբ գաս ընտրությունների և ընդհանրապես չշոշափես ոչինչ, ինչ դու խոստացել ես մանդատը ստանալու համար»,- ասել է նա:

Միաժամանակ նա նշել է, որ իշխանությունները, այդուհանդերձ, ստիպված են ինչ-որ բան ասել:

«Ասում է եռագլուխ, պատերազմ բերող… ինչ հիմանարություն ասես, այս մարդը դուրս է տալիս, անում է նրա համար, որ իր խոստումներից ընդհանրապես չխոսի»,-հավելել է Քոչարյանը:

Նա ընդգծել է, որ գործող վարչապետը, իր գնահատմամբ, չունի «ո՛չ խիղճ, ո՛չ խելք և ո՛չ էլ հիշողություն»:

«Պետք է հեռացնենք այս մարդուն, վզակոթից բռնել ու դուրս շպրտել, դրա քաղաքական ձևն է՝ գնալ ընտրատեղամաս ու ձայն տալ մեր ուժին»,-ասել է նա:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։