Բացվել է Ախալքալաք-Կարս երկաթուղին, սպասում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում:
Նա խոսել է տրանսպորտային սահմանափակումների տնտեսական հետևանքների մասին՝ նշելով, որ դրանք էական ազդեցություն են ունենում ապրանքների ինքնարժեքի վրա, հայտնում է Factor.am-ը:
Նրա խոսքով՝ թուրքական ապրանքները տարիներ շարունակ տարբեր միջնորդ երկրների միջոցով են հասել Հայաստան, ինչի հետևանքով ավելացել են տրանսպորտային և վարչարարական ծախսերը։ Փաշինյանը նշել է, որ մոտ 10 օր առաջ վերացվել է Թուրքիայից Հայաստան և Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանման արգելքը, ինչը, ըստ նրա, նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծում։
Նա նշել է, որ Հայաստանում, մասնավորապես Սյունիքում, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, նրա խոսքով, պետք է նպաստեն երկրի շրջափակման հաղթահարմանը և տարածաշրջանային կապերի բացմանը։
Փաշինյանի խոսքով՝ ներկայում կառուցվել է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը, որտեղ նախատեսվել է 720 մետր երկարությամբ կամրջի կառուցում։ Նա նշել է նաև, որ Իրանի հետ սահմանին կառուցվել է Ագարակի մաքսակետը, իսկ առաջիկայում մեկնարկելու է նաև TRIPP նախագիծը։
Վարչապետի գնահատմամբ՝ այդ նախագիծը վերջնականապես և անշրջելիորեն հաղթահարելու է Հայաստանի շրջափակումը և երկիրը կոնֆլիկտային փակուղուց վերածելու է «խաղաղության խաչմերուկի»։
Փաշինյանը շեշտել է, որ TRIPP նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հիման վրա։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։





