Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կրկին կալանք է կիրառվել՝ այս անգամ 3 ամիս ժամկետով։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, հայտնում է Factor.am-ը:
Տեղեկություններ են ստացվել, որ Ղուկասյանը գործողություններ է նախաձեռնել, ինչն էլ առիթ է դարձել խափանման միջոցի խստացման համար։
Կրտսեր Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը մարտի 20-ին փոխվել էր տնային կալանքով։
Սպարտակ Ղուկասյանը մի քանի քրեական վարույթներով է անցնում։ Մասնավորապես, անցած տարվա սեպտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Այդ անձը Սպարտակ Ղուկասյանն էր, որի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց տնային կալանքը, որը հետագայում փոխվել էր։
Արդեն նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանում հոր՝ Վարդան Ղուկասյանի նիստից հետո դահլիճում հայհոյելու համար Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ նոր մեղադրանք էր առաջադրվել՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածի հատկանիշներով։ Հենց այս մեղադրանքով էլ նրա նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց կալանքը։
Փետրվարին նրան նոր մեղադրանք էր առաջադրվել, ըստ որի՝ կրտսեր Ղուկասյանը խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել էր պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել էր հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել էին բռնության գործադրմամբ, գույքի ոչնչացմամբ և վնասմամբ։





