ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հանրային ռադիոյի շենքի մոտ տեղադրել է «ժողովրդի զահլայի» 500 կիլոգրամանոց արձանը։
«Մեր քարոզարշավը նպատակ ունի ցույց տալու, թե իրական քաղաքական պրոցեսները ՀՀ–ում ինչպես են տեղի ունենում։ Մեր կատարածի մեջ չկա կատակ։ Այն կատարելապես լուրջ է»,– ասել են կուսակցության ներկայացուցիչները, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրանք ոստիկանությանը հորդորել են հետևել և խուլիգանություն համարել, եթե որևէ մեկը փորձի տեղաշարժել արձանը կամ վնասել այն։
«Այսօրվանից պետք է այնպես լինի, որ մեր բոլորիս զահլան չկարողանան տանել, իսկ դրա լավագույն ձևը մեզ քվեարկելն է»,– նշել են նրանք։
Կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ արձանի ծանրությունը խորհրդանշում է, թե գործող իշխանությունները որքան են տարել ժողովրդի «զահլեն»։
«Սա է այն ծանրակշիռ, հասարակության համար զզվեցնող, թթվի քար դարձած զահլեն։ Հասարակությանն ուզում ենք ասել` սա վերջին զահլեն է լինելու, եթե անգամ գան, վերցնեն ու տանեն, ապա սա կլինի վերջին զահլեն, որ կտանեն։ Պետական բյուջեով որ զահլեքս տարել են, թող հավաքեն այս զահլեն էլ տանեն»,– ընդգծել է Կարապետյանցը։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը յուրահատուկ նախընտրական քարոզարշավ է վարում՝ կազմակերպելով «ջուր ծեծելու», «ցեխ շպրտելու», «մուկ տշելու», «բոչկա գլորելու» և «պորտը տեղը դնելու» ակցիաներ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





