AM
27 Մայիս 2026 - 14:19 AMT

«Ականատեսը» հայտնել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքերի մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլի (մայիսի 6–22) դիտարկման արդյունքները՝ արձանագրելով վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և ագրեսիվ հռետորաբանության դեպքեր։

Մասնավորապես, դիտարկվել են կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման դեպքեր քարոզարշավին, ինչպես նաև աշակերտների դասերից ազատման առանձին օրինակներ։

Անչափահասների մասնակցության դեպքեր են գրանցվել մի շարք քաղաքական ուժերի միջոցառումներում։

«Տեղեկանքում արձանագրվել են նաև գործատուների կողմից հնարավոր ճնշումների դեպքեր, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում բևեռացնող և ագրեսիվ հռետորաբանության դրսևորումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։