«Բոլորին դեմ եմ» կուսակցության մի շարք թեկնածուների ինքնաբացարկները եղել են նախապես համաձայնեցված որոշման արդյունք, ասել է կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը, հայտնում է Factor.am-ը:
«Նախնական պայմանավորվածությունը հետևյալն էր․ մանդատները պիտի վայր դրվեն։ Պիտի մանդատները պահպանվեն այնքան, որքան ձայներ մենք կարող ենք հավաքել։ Մենք ադեկվատ ենք։ Համարում ենք, որ մենք այս պահի դրությամբ գոնե, եթե արտառոց բան տեղի չունեցավ, 51+ տոկոս հավաքել չենք կարող։ Մենք պահպանել ենք այնքան ձայներ, այնքան մանդատներ, որքան որ կարող ենք ձայներ հավաքել։ Մնացած բոլորը ինքնաբացարկ են հայտնել, ու սա մենք նախապես ենք պայմանավորվել»,- պարզաբանել է Կարապետյանցը։
Նրա բնորոշմամբ՝ դա իրականացվել է նախապես համաձայնեցված ձևաչափով, որպեսզի խուսափեն երկար ընթացակարգերից և հետագայում մանդատները վայր դնելու գործընթացներից։
Նինա Կարապետյանցը հավելել է, որ այս մոտեցումը իրենց քաղաքական նախագծի մի մասն է, որը ենթադրում է ոչ թե երկարաժամկետ մանդատային համակարգ, այլ կարճաժամկետ քաղաքական գործողությունների տրամաբանություն՝ իրենց ներկայացրած 100-օրյա ծրագրի շրջանակում։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





