Երևանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը, որն ուղղված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել է8, որ Երևանը Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունից գրություն չի ստացել գազի համաձայնագրերի հնարավոր դադարեցման վերաբերյալ։
Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Խոսքը վերաբերում է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստան գազի մատակարարման թեմային, հայտարարել է, որ արտոնյալ սակագները Ռուսաստանի կողմից աջակցության ձևերից մեկն են։ Նրա խոսքով՝ ցանկացած զեղչ իրականացվում է ռուսական կողմի հաշվին և դիտարկվում է որպես աջակցություն եղբայրական երկրին։





