Հայաստանն այս փուլում ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ԵԱՏՄ միակ պաշտոնյան, որը միաժամանակ երկու բարձրագույն կառավարման մարմինների անդամ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում:
«Ինչ հայտարարություններ, որ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, նրանք չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ գերեզմանը։ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է փոխվարչապետը, քանի որ ես արձակուրդի մեջ եմ։ Ես հունիսի 7-ից հետո, ձեր մանդատը ստանալու պարագայում, և այն ստանալուց հետո, կվերադառնամ աշխատանքի և դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը չի հասկանում, որ փորում է ԵԱՏՄ գերեզմանը։
«Ես նրանց խորհուրդ եմ տալիս հետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե, ես կվերադառնամ ԵԱՏՄ ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին և ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մի դաշնակցի հույսին, չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի Արևելքից Արևմուտք։ Մենք ունենք Ախալքալաք-Կարս երկաթուղին, շուտով բացվելու է TRIPP-ը։ Մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ՝ այդ թվում։ Մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը և այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան»,-հավելել է ՔՊ վարչության նախագահը։
Նա նշել է, որ քանի դեռ Հայաստանը կարող է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ անդամ, և՛ շարունակել բարեփոխումները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ, երկիրը շարունակելու է շարժվել այդ ճանապարհով։
«Այն պահին, երբ կգա ընտրություն կատարելու պահը, մենք ընտրություն կկատարենք, մենք` ասելով, դուք կկատարեք ընտրություն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է խաղաղության խաչմերուկ, և թե՛ հյուսիսը, թե՛ հարավը , թե՛ արևելքը և արևմուտքը պետք է լավագույն առաջարկն անեն Հայաստանի ժողովրդին և Հայաստանի ժողովուրդը կկատարի իր ընտրությունը։ Մենք այլևս կոնֆլիկտի փակուղի չենք։ Հայաստանն այլևս միլիարդների և տրիլիոնների երկիր է»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե ՀՀ-ն ոչ մեկին պետք չէ, Փաշինյանը շեշտել է, որ այժմ նույն մարդը «ոտ ու ձեռ է ընկել»՝ պնդելով, թե Հայաստանը գնում է դեպի ԵՄ, ինչպես նաև ակտիվացրել է իր գործակալին, որպեսզի նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես, վարչապետի խոսքով, շղթայված էր 2018-ից, հայտնում է Radar Armenia-ն:
Մայիսի 27-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայկական կողմին պաշտոնապես փոխանցել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Խոսքը վերաբերում է բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստան գազի մատակարարման թեմային, հայտարարել է, որ արտոնյալ սակագները Ռուսաստանի կողմից աջակցության ձևերից մեկն են։ Նրա խոսքով՝ ցանկացած զեղչ իրականացվում է ռուսական կողմի հաշվին և դիտարկվում է որպես աջակցություն եղբայրական երկրին։





