Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր։ Կաթողիկոսը տերունական աղոթք է ընթերցել, ապա աղոթել ի հիշատակ Մայիսյան հերոսամարտերի նահատակների։
Կաթողիկոսը Հանրապետության տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ ներկա բարդ ժամանակներում, արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման, պետք է «միաբանվենք և միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը»։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս՝ Հանրապետության տոնի առիթով:
Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրումը նշանավորելով՝ հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ Ամենայն Հայոց Գևորգ Հինգերորդ կաթողիկոսը։ Կենաց-մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան և սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը: Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատեր իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության և անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև և անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։
Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի և հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս այսօր և միշտ. ամեն»,-ասվում է ուղերձում:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն:





