AM
28 Մայիս 2026 - 08:35 AMT

Փաշինյան․ Զորահանդեսին ներկայացվել է 7 երկրի արտադրության զենք և ռազմատեխնիկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը ձևավորվել է իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականության արդյունքում։

«Միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, միայն այդ համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար։ Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի 7 երկրի արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետը հավելել է, որ զորահանդես-հաշվետվության կարևոր ուղղություններից մեկն էլ Հայաստանում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որը, նրա խոսքով, արդեն սկսել է վստահ քայլերով դիրքավորվել միջազգային շուկայում։

Նա նշել է, որ Հայաստանը յուրացրել է բանակի պատմական փորձի դասերը, և այժմ դրանց արդյունքները տեսանելի են գործնական մակարդակում։ Փաշինյանի խոսքով՝ ներկայիս հայկական բանակը հանդես է գալիս նոր սպառազինությամբ ու տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։

ՀՀ կառավարությունը թվերով ներկայացրել է զինված ուժերում իրականացված բարեփոխումներն ու արդիականացման ուղղությամբ կատարված քայլերը՝ ընդգծելով պաշտպանության ոլորտի ֆինանսավորման, սոցիալական ծրագրերի և զորակոչի ցուցանիշների փոփոխությունները։

  1. ՀՀ կառավարությունը 2026 թվականին, 2018 թվականի համեմատ, գրեթե 130 տոկոսով ավելացրել է ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն։ Եթե 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245.1 միլիարդ դրամ, ապա 2026 թվականին դրանք հասել են 563.1 միլիարդ դրամի։
  2. Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2179 զինծառայող։ Ծրագիրն իրականացվում է 2020 թվականից։
  3. Եվս 2850 ընտանիք առաջիկայում բնակարան կունենա։ ՀՀ կառավարությունը նախատեսել է առաջիկա չորս տարում լուծել զինված ուժերի համակարգում բնակարանի հերթում գտնվող 2850 շահառուների բնակապահովման խնդիրը։
  4. Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրումից ի վեր մասնակից զինծառայողների 75 տոկոսը հաղթահարել է սահմանված դրական շեմը և ստացել բարձր աշխատավարձ։ Ատեստավորման հավելավճարի չափը կազմել է 205,000-ից մինչև 470,000 դրամ։
  5. «Պաշտպան հայրենյաց» ծրագրի ներդրման պահից սկսած՝ շահառու են դարձել և ատեստավորվել հազարավոր զինծառայողներ՝ համալրելով զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների շարքերը։ 1-ին պայմանագրի ավարտից հետո նրանց հնարավորություն կընձեռվի պայմանագիրը երկարացնել կամ 2 տարի ժամկետով՝ ստանալով 1.5 միլիոն դրամ պատվովճար, կամ 5 տարի ժամկետով՝ ստանալով 5 մլն դրամ պատվովճար:
  6. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մինչև 2018թ.-ը կրթաթոշակ ընդհանրապես չեն ստացել. այժմ վարժարանի բոլոր սաներն ստանում են 15000-45000 դրամ կրթաթոշակ՝ կախված առաջադիմությունից։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտը 2018 թվականին կարող էր ստանալ առավելագույնը 23 հազար դրամ, իսկ այժմ՝ մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ։ 2026 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները կստանան բնակարաններ:
  7. 2026 թվականից ՀՀ-ում պարտադիր ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն դարձել է 1.5 տարի։
  8. Երկարացվել են նաև պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդների ժամկետները։ Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները ստանալու են 30 օր, իսկ մյուս զորամասերում ծառայողները՝ 21 օր արձակուրդ։ Բացի դրանից, զինվորական երդման կապակցությամբ տրամադրվում է լրացուցիչ ևս 2 օր արձակուրդ։
  9. 2025 թվականին, 2022 թվականի համեմատությամբ, զորակոչված զինծառայողների թիվն աճել է 25․3 տոկոսով։
  10. Փոփոխության է ենթարկվում նաև ՀՀ զինված ուժերի համազգեստը՝ ձևավորելով ժամանակակից, պաշտպանունակ և պրոֆեսիոնալ բանակին համապատասխան նոր մշակույթ։

1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարել է անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում ձեռք է բերվել երկար սպասված պետականությունը։ Սակայն Առաջին հանրապետությունը երկար չի գոյատևել։ Հայաստանը վերականգնել է իր անկախությունը միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի միջոցով։