AM
28 Մայիս 2026 - 09:35 AMT

Զորահանդեսին ցուցադրվել են հայկական արտադրության ԱԹՍ-ներ, ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաներ

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում Հանրապետության հրապարակում ցուցադրվել են Զինված ուժերում վերջերս ձևավորված անօդաչու թռչող սարքերի զորքերի ստորաբաժանումները՝ զորքերի պետ, արիության մեդալակիր գնդապետ Կորյուն Փիլիպոսյանի ղեկավարությամբ։

Առանձին ներկայացվել են տարբեր տեսակի ԱԹՍ-ներ, այդ թվում՝ հայկական արտադրության սարքեր։ «Կայծակ» անօդաչու թռչող սարքը նախատեսված է շարժական և անշարժ նշանակետերի խոցման համար։ Այն կարող է թիրախներ ոչնչացնել մինչև 17 կիլոմետր խորությամբ, հայտնում է Factor.am-ը:

Զորահանդեսում ցուցադրվել է նաև հայկական արտադրության «Աերոդինամիքս» ընկերության «Մեղու-5» անօդաչու թռչող սարքը։ «Մեղու-5»-ը նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Այն կարող է զարգացնել ժամում մինչև 90 կիլոմետր արագություն։

Սարքն ունակ է առաջադրանք կատարել 40 կիլոմետր շառավղով։ Այն համալրված է արհեստական բանականության տարրերով, որոնք հնարավորություն են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու և նշանակետերը առավել արդյունավետ խոցելու համար։

Համակարգում կարող է կիրառվել նաև վերահաղորդման կայան, ինչը թույլ է տալիս առաջադրանքները կատարել առավելագույն արդյունավետությամբ և շահագործող անձնակազմի համար նվազագույն ռիսկով։

Հանրապետության օրվան նվիրված շքերթի ընթացքում Հանրապետության հրապարակով անցել են Հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներն ու ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։

«Բաստիոն» տեսակի զրահամեքենան համարվում է թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ։ Այն զինված է աշխարհում առաջատար համարվող 12․7 միլիմետր տրամաչափի «Էմ-2» գնդացիրներով։ Զրահամեքենան համալրված է նաև ներսից կրակ վարելու համար նախատեսված հատուկ սողանցքներով։

«Բաստիոնը» բազմաֆունկցիոնալ զրահապատ մեքենա է, որը նախատեսված է բարդ տեղանքում անձնակազմն արագորեն առաջադրանքների շրջան տեղափոխելու, հետախուզություն իրականացնելու, պայմանական հակառակորդի նկատմամբ կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում և պարեկություն կատարելու համար։

Նշվել է, որ «Բաստիոն» զրահամեքենան իր կրակային և զորաշարժային հնարավորություններով բարձրացրել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը՝ ապահովելով գործողությունների գաղտնիությունը, հանկարծակիությունը, օպերատիվությունը, հատուկ մարտավարությունների կիրառումը, շարժունակությունն ու փոքր ուժերով մեծ խնդիրներ իրականացնելու հնարավորությունը։

Զրահամեքենայի իրանը պատված է ամբողջական եռակցված զրահապատ շերտով, որն ապահովում է երրորդ մակարդակի բալիստիկ պաշտպանություն։ Իրանի V-աձև կառուցվածքն ու հատուկ տեխնոլոգիայով պատրաստված անվադողերը բարձրացնում են անձնակազմի պաշտպանվածությունը հակատանկային և հակահետևակային ականների, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի ազդեցությունից։

Անձնակազմի կենսունակությունը բարձրացնելու նպատակով զրահամեքենան համալրված է նաև պայթյունակայուն նստատեղերով։

Երևանում անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որը վերջին տասնամյակում անցկացվում է առաջին անգամ։ Շքերթում ներկայացված են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և այլ պետություններից ձեռք բերված զինատեսակներն ու ռազմական տեխնիկան:

Նախորդ ռազմական շքերթը մայրաքաղաքում անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է եղել անկախության 25-ամյակին։