AM
28 Մայիս 2026 - 09:54 AMT

Փաշինյան․ ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, կաշխատենք, բոլոր խնդիրները կլուծենք

Հայաստանի ռազմավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում չի փոխվել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ռազմավարությունը մնում է նույնը, մենք ՌԴ-ի գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հայաստանը այն պայմաններում, երբ Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, որոնց համաձայն Մոսկվան կարող է դադարեցնել Երևանի հետ գազամատակարարման համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի Եվրամիության անդամակցության գործընթացը։

Փաշինյանը հայտարարել է, որ չի լինելու որևէ հարց, որի հետ կապված Հայաստանը չունենա որևէ այլընտրանք, հայտնում է Radar Armenia-ն:

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ այսուհետ երբեք որևէ հարցում առանց այլընտրանքի չենք մնալու։ Չի լինելու որևէ հարց, որ ՀՀ-ն չի ունենա այլընտրանք։ Կարծում եմ՝ այսօրվա զորահանդես-հաշվետվությունն էլ դրա ապացույցն էր, որովհետև 7 տարբեր երկրների արտադրություն էր ցուցադրվում, ինչը նշանակում է, որ մենք դիվերսիֆիկացնելու ենք հարաբերությունները»,- ասել է վարչապետը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար ճիշտ կլինի, եթե Երևանը հստակեցնի իր դիրքորոշումը Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Պուտինը հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերն «առանձնահատուկ քննարկում են պահանջում»։

«Օրինակ՝ կարելի է հանրաքվե անցկացնել։ Դա մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, միանգամայն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին, թե որն է լինելու նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան՝ մենք էլ հետևություններ կանեինք և կգնայինք մեղմ, քաղաքակիրթ և փոխշահավետ «ապահարզանի» ճանապարհով։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ կատարվում էր ուկրաինական ուղղությամբ։ Իսկ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելուց կամ անդամակցելու փորձից»,- ասել է նա:

աքաղաքում անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է եղել անկախության 25-ամյակին։