AM
28 Մայիս 2026 - 10:14 AMT

Կարապետյան․ Վստահ եմ՝ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու

Հանրապետության հրապարակում կազմակերպված «շքերթը նախընտրական պրոցես է՝ ցույց տալու համար, որ իշխանությունը կարողացել է ինչ-որ զենք գնել», ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում։

«Ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, շատ էժան են գնելու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ, որ զենքերը իրար հետ համահունչ են լինելու։ Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ կա անհամահունչություն մեր զինանոցի մեջ, իրար հետ չեն խոսում, և դա բերելու է մեծ խնդիրների»,-ասել է Կարապետյանը, գրում է Aysor.am-ը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին գրառմանը, ապա Կարապետյանն ասել է․ «Թրամփը մեր բարեկամ երկրի ղեկավարն է, վստահ եմ՝ փոփոխությունից հետո աջակցություն է հայտնելու Սամվել Կարապետյանին», հայտնում է Panorama.am-ը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին՝ կապված ԵԱՏՄ-ից դուրս չգալու և միաժամանակ ԵՄ ուղղությամբ շարժվելու հետ, նա նշել է, որ այդ քաղաքականության հետևանքները ծանր ազդեցություն են ունենում գյուղատնտեսության ոլորտի վրա։

«Գյուղացիներին չեն ասում, որ իրենց վարած քաղաքականության հետևանքով բերքը մնալու է, փչանա։ Միլիոնավոր դրամների վնաս են կրում։ Պետք է հարաբերությունները լավացնել հին դաշնակիցների հետ, որպեզի կարողանանք հավասարակշռել»,-ասել է նա:

Կարապետյանը նաև ընդգծել է ազգային ինքնության պահպանման կարևորությունը։

«Մենք պետք է պահենք Հայաստանի հայկականությունը։ Դա է մեր հիմնական քայլն այս պահին, զարգացնենք Հայաստանը, փորձենք ապահովել այնպիսի միջավայր, որ մեր հայրենակիցները վերադառնան, Հայաստանի բնակչությունը աճի»,-ասել է նա:

Երևանում անցկացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը, որը վերջին տասնամյակում անցկացվում է առաջին անգամ։ Շքերթում ներկայացված են Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Չինաստանից և այլ պետություններից ձեռք բերված զինատեսակներն ու ռազմական տեխնիկան: Սպառազինության մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում։ Դրանց թվում են «ТОС-1» ծանր հրանետային համակարգերը, ռուսական արտադրության «Поле-21» РЭБ համակարգերը։ Առաջին անգամ հանրությունը կտեսնի հնդկական սպառազինությունը՝ «РСЗО Pinaka», «ATAGS» քարշակվող հաուբիցներ, «MArG» ինքնագնաց հրետանային կայանքներ, «Akash» զենիթահրթիռային համակարգեր, հակատանկային համակարգեր։

Նախորդ ռազմական շքերթը մայրաքաղաքում անցկացվել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին և նվիրված է եղել անկախության 25-ամյակին։