Հայաստանը կրկին կանգնած է ճակատագրական հանգրվանի առաջ, երբ վտանգված են պետականության ընթացքն ու ազգային ինքնությունը՝ ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին, ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից Հանրապետության օրվա առիթով տարածած հայտարարության մեջ:
«․․․ Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է: Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակները նշել են, որ հարվածի թիրախում է հայկական ինքնությունը, «հալածանքի է ենթարկվում եկեղեցին, ժողովուրդը դարձել է գաղթական, իսկ հայկական Արցախը՝ կորսված»:
«1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։
Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։
Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում Հանրապետության հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և մյուս նվիրյալները, արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է Մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից:
«Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով:
Մենք կա՛նք, մենք կպայքարե՛նք և մենք կհաղթե՛նք»,-ասվում է հայտարարության մեջ:
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հայրենազրկումից, ցեղասպանության ենթարկվելուց ընդամենը երեք տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել և ստեղծել պետություն:





