Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի մեկնաբանի Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն՝ արձագանքելով գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին հարցին:
Վարդանյանն իր ուղերձում ասել էր, որ «անբարոյական է շքերթ անել այն իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են Բաքվում», հայտնում է Aysor.am-ը:
«Չեմ պատասխանի, որովհետև պարզ չի, թե նրանք ինչ պայմաններում ու ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ»,-ասել է Փաշինյանը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայերեն ուղերձով դիմել է հանրությանը՝ անդրադառնալով Հայաստանի ներկա իրավիճակին։ Նա նշել է, որ «Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր», և հավելել, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ: Նա նաև ասել է, որ վախենում է, որ Փաշինյանին «մեծ պատիժ է սպասում»:





