Վարչապետ Նիկոլ Փաշինյան «գնացել է գործարքի՝ TRIPP-ով ներքաշելով ՀՀ-ն աշխարհաքաղաքական հակամարտության մեջ», հայտարարել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու հայտարարությանը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու իր կոչով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի էլ թաքցնում, որ անում է դա բացառապես մի նպատակով. այն է, որ «հրաշալի Ամերիկյան Նավթային ընկերությունները ստանան հասանելիություն Կենտրոնական Ասիայից ընդհուպ մինչև ԱՄՆ:
Այսինքն` ժողովրդավարության սկզբունքների բացահայտ խախտումը, ժողովրդի ազատ կամարտահայտությանը արտաքին կոպիտ միջամտությունը և հայ ժողովրդի վզին օտարի խամաճիկին պարտադրել առաջին անգամ բացահայտ արդարացվում է բացառապես ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի և նավթային հսկայական շահույթի ձեռքբերման նպատակով:
Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի. նա կառուցում է TRIPP-ը, ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որում մենք կարող ենք բառիս բուն իմաստով ոտնատակ ընկնել, փոխարենը ստանալով Արևմուտքի հակադեմոկրատական աջակցությունը Հայաստանում կառավարող հակաժողովրդական անիրավ ռեժիմին:
Ինչպես միշտ նման վիճակներում, Հայաստանը ստանալու է միայն ավեր ու կորուստ, ստանալու է բռնապետություն, լավագույն դեպքում դառնալով համաշխարհային տնտեսության հումքային կցորդ, որի տերն ու տիրակալը լինելու է Ադրբեջանը` մեր ազգային ինքնության համար իր բոլոր հետևանքներով»,-գրել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ կա և այլ ճանապարհ՝ Հայաստանի Խելամիտ ուղին, որը մերժում է որևէ ճամբարի՝ այդ թվում Ռուսաստանի կցորդ դառնալը և Հայաստանը դիտարկում է որպես ինքնիշխան անկախ երկիր:
«Մեր խաղաղության և զարգացման բանաձևը՝ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ գերտերությունների շահերի ներդաշնակեցման ծրագիրն է, որը կայուն և հարատև խաղաղություն ու զարգացում կբերի մեր երկրին»,-գրել է նա:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։





