AM
28 Մայիս 2026 - 12:30 AMT

Երիցյան․ Արցախցի բարձրաստիճան զինվորականները բնակարաններն ազատելու ծանուցումներ են ստացել

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարել է, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից չորսը իր վստահորդներն են, սակայն գործընթացը վերաբերում է մի քանի տասնյակ զինվորականների։

«Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ»,- նշել է Երիցյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ծանուցագրերում որևէ իրավական հիմնավորում նշված չէ։ Միայն արձանագրվել է, թե բնակարանները ժամանակին հատկացվել են խախտումներով, սակայն կոնկրետ խախտումներ չեն մատնանշվել։

Երիցյանը հայտնել է, որ իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, և այժմ սպասում է դատական որոշմանը։ Նրա համոզմամբ՝ դատարանը պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։

Փաստաբանը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ նման գործընթաց էր նախաձեռնվել Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանը կասեցրել է բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը և բավարարել հայցը՝ վտարման գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։

«Սրանից վա՞ռ ատելության դրսևորում․ ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Ղարաբաղից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասել է Երիցյանը՝ անդրադառնալով գործընթացին։

Մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է. «Ղարաբաղի պսևդոէլիտայի տասնյակ և հարյուրավոր տներ հատ-հատ ձեռքներից առնելու ենք»։ Վարչապետը հավելել է, որ առաջիկայում հրապարակվելու են նաև Ղարաբաղի «պսևդոէլիտայի»՝ Հայաստանում ունեցած գույքերի ցանկերը՝ իրավիճակը առավել հստակ ներկայացնելու նպատակով։