AM
29 Մայիս 2026 - 11:08 AMT

Մելոյան․ Ստիպում են «Ուժեղ Հայաստանի» քվեաթերիկը դուրս բերել ընտրատեղամասից՝ որպես ապացույց, որ նրա օգտին չեն քվեարկել

Ընտրական գործընթացին առնչվող մի շարք ահազանգեր են ստացվել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Նա նշել է, որ իրենց են հասել տեղեկություններ, համաձայն որոնց՝ մարդկանց պարտադրում են «ընտրատեղամասից դուրս բերել «Ուժեղ Հայաստանի» քվեաթերթիկը՝ որպես ապացույց, որ տվյալ քաղաքական ուժի օգտին չեն քվեարկել», հայտնում է Panorama.am-ը:

«Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է, դուք խնդիր կունենաք, եթե արձանագրվի, որ քվեաթերթիկ եք դուրս բերել։ Կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որ ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառվեն։ Այս ճնշումներին վերջ տալու լավ հնարավորություն ունեք, քվեաթերիկ դուրս բերելը, բացի այն,որ ճնշում է ձեր նկատմամբ, իրավախախտում է, որը կարող է հետևանքներ ունենալ»,-ասել է Մելոյանը։

Նրա խոսքով՝ ստացված տեղեկությունների համաձայն՝ որոշ քաղաքացիների ստիպում են լուսանկարել կամ տեսանկարահանել այն քվեաթերթիկը, որը տեղադրում են ծրարի մեջ։

Մելոյանը քաղաքացիներին կոչ է արել չվախենալ սպառնալիքներից և չկատարել նման գործողություններ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։