Ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ «Ուժեղ Հայաստանին» առնչվող գրեթե ամենօրյա հրապարակվող ձայնագրությունները «քաղաքական նպատակ են հետապնդում և ուղղված են իրենց ուժը թիրախավորելուն», հայտարարել է նախընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը, հայտնում է Factor․am-ը:
«Մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետև էն բնական հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, էդ չի ենթադրում կաշառք: Ինչի՞ համար կաշառք բաժանենք, մեծ սեր ու հարգանք ենք վայելում, ու մարդիկ ինքնաբերաբար գալիս են, անգամ էս ճնշումների պարագայում՝ անդամագրվում են մեզ: Դրա մասին վկայում են նաև էն բազմամարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում»,- ասել է Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ ձայնագրությունների իսկությունը հաստատված չէ, դրանք փորձաքննություն չեն անցել, և հայտնի չէ, թե ովքեր են դրանցում խոսող անձինք։
«Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները մի նպատակ ունեն՝ հարվածել մեր քաղաքական ուժի հանրային ընկալմանը և հեղինակազրկել մեզ»,- ասել է նա։
Անդրադառնալով ձայնագրություններում բաց կապով չխոսելու վերաբերյալ հիշատակումներին՝ Մելոյանը նշել է, որ հնարավոր է՝ դրանք ևս սադրիչ բնույթ կրեն։
«Կրկին ասում եմ՝ էդ ամենը պետք է փորձաքննվի: Էս երկիրը, ի վերջո, գոնե թղթի վրա իրավական ու ժողովրդավար է, իսկ էդ ամենը, ինչ հիմա իրենք անում են, դա էդ ժողովրդավարության ու իրավականության տրամաբանությանը հակասում է»,- ասել է Մելոյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Մելոյանը նշել է, որ դա տեխնիկապես բարդ և ժամանակատար գործընթաց է։
«Ինչպես հայտարարել ենք՝ մեկնարկը տրված է ու գործընթացը շարունակվում է: Կոնկրետ ժամկետով սահմանված չէ, թե էս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում: Թե դե յուրե երբ կունենանք դադարեցման իրավիճակը, պարոն Վարդևանյանն ավելի ճշգրիտ կպատասխանի»,- ընդգծել է Գոհար Մելոյանը։
Հարցին պատասխանելով՝ նա անդրադարձել է նաև նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝ դրանք որակելով որպես մանիպուլյատիվ: Նա նշել է, որ արդեն սկսվել են դատական գործընթացներ՝ զրպարտության և վիրավորանքի հիմքերով։
Այն հարցին, թե ում դեմ են ներկայացվել դատական հայցերը, Մելոյանը պատասխանել է. «Ովքեր շահարկել են էդ թեման, հատկապես պաշտոնատար անձանց կողմից: Ու, բնականաբար, պետք է գոնե սկսեն հետևանքներ կրել իրենց խոսքերի համար»:
Ասուլիսի ավարտին հնչած հարցին, թե արդյոք պատրաստվում են դատի տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սամվել Կարապետյանին լրտես անվանելու համար, նա պատասխանել է, որ բոլոր հայտարարություններին ընթացք է տրվում:
«Եթե չեմ սխալվում, գործընկերներս արդեն ընթացք են տալիս էդ բոլոր հայտարարություններին։ Պարոն Վարդևանյանը մանրամասները կներկայացնի, բայց մենք փորձելու ենք բոլոր էդ զրպարտություններին, վիրավորանքներին, հանցավոր տարրեր պարունակող հայտարարությունների նկատմամբ թե՛ հանցագործությունների մասին հաղորդումներ տալ, թե՛ քաղաքացիաիրավական դաշտում գնալ դրանց հետքերով»,- հայտարարել է Գոհար Մելոյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





