«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության հիմքով դատական հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ։ Այս մասին տեղեկություն է հրապարակվելմիասնական դատական տեղեկատվական համակարգում։
Կարապետյանը պահանջել է, որպեսզի պատասխանող կողմերը՝ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայցի բավարարման վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր մասին տարածված՝ զրպարտություն համարվող տեղեկությունները, հայտնում է Sputnik Արմենիան:
Հայցում նշվել է, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածվել են զրպարտչական բնույթի կեղծ տեղեկություններ։
«Սամվել Կարապետյանի վերաբերյալ հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է հայցի պահանջում։
Կարապետյանը նաև պահանջել է պարտավորեցնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։
Կարապետյանը զրպարտության հիմքով դատական հայցեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ նաև 2025 թվականի նոյեմբերին և հուլիսին։





