ԿԳՄՍ նախարարությունը, արհեստական բանականության ոլորտում առաջատար OpenAI ընկերությունը և Firebird-ը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի արդյունքում OpenAI-ի ChatGPT Edu գործիքը հասանելի է դառնալու Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքներին։
Առաջին փուլում Firebird-ը և ԿԳՄՍ նախարարությունը արհեստական բանականության գործիքների հասանելիություն են ապահովելու Հայաստանի 50,000 ուսանողների, ուսուցիչների և հետազոտողների համար։
ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի՝ կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս օգտվել առաջադեմ արհեստական բանականության լուծումներից, ներառյալ Codex-ի նման հնարավորություններից՝ պահպանելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշները։ Բարձրագույն կրթության ոլորտում հարթակից կարող են օգտվել ինչպես դասախոսները, այնպես էլ ուսանողները, իսկ հանրակրթության համակարգում այն հասանելի է լինելու բոլոր ուսուցիչներին և ավագ դպրոցի աշակերտներին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն ընդլայնվել են կրթական համակարգում արհեստական բանականության կիրառման և ԱԲ գրագիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
«Արհեստական բանականությունն արդեն մեր իրականության մասն է, և կրթական համակարգն ամբողջ աշխարհում կանգնած է այս նոր իրականության հետ արդյունավետ առնչվելու խնդրի առաջ։ Այս նախաձեռնությունը հենց դրա մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի Firebird ընկերության ֆինանսավորմամբ։
Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի համոզմամբ՝ կրթության մեջ կատարվող ներդրումներն ամենակարևորն են ԱԲ դարաշրջանում:
OpenAI-ի Education for Countries նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին, որը հանդիպմանը միացել է տեսակապով, ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթությունն այն կարևորագույն ոլորտներից է, որի միջոցով արհեստական բանականությունը կարող է ընդլայնել մարդկանց հնարավորությունները։
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Firebird-ի հետ համագործակցության միջոցով մենք նպաստում ենք, որպեսզի ChatGPT Edu-ն հասանելի դառնա երկրի ուսանողներին, մանկավարժներին և հետազոտողներին՝ ապահովելով անվտանգ, ստեղծարար և արդյունավետ կերպով կիրառվող առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիություն։ Հայաստանը ունի հզոր մարդկային ներուժ և զարգացող թվային ենթակառուցվածք, և այս նախաձեռնությունը կարող է նպաստել ԱԲ գրագիտությամբ օժտված նորարարների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- նշել է Ջեյնա Դևանին։
Կողմերը ընդգծել են, որ ChatGPT Edu-ի ներդրումը նպատակ ունի էապես բարելավել արհեստական բանականության կրթության որակը։
Միաժամանակ ընդգծվել է, որ նախաձեռնության հաջողության համար առանձնահատուկ կարևորություն ունեն էթիկական սկզբունքների պահպանումը և տվյալների պատասխանատու օգտագործումը։ Այդ նպատակով հատուկ ուշադրություն է դարձվելու թվային գրագիտության զարգացմանը, արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման մշակույթի ձևավորմանը և կրթական միջավայրում թվային անվտանգության ամրապնդմանը։
Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն և մասշտաբային բաղադրիչ։





