Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ «կրկնօրինակում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ռուսաստանի հետ խնդիրներ հրահրելով», հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:
«Սա մի քաղաքականություն է, որը ես ուղղակի մերժում եմ։ Իմ քաղաքականության մոդելը հետևյալն է. մի մխրճվի խոշոր երկրների բախման մեջ, փորձիր համագործակցություն փնտրել այդ երկրների հետ այն դաշտում, որտեղ իրենք կարող են համագործակցել, մի խաղա նրանց տարաձայնությունների վրա»,–ասել է նա:
Նա նշել է, որ վարչապետի նույն վարքագիծը տեսնում ենք ներքին կյանքում, և եթե դա լուրջ խնդիրներ չի առաջացնում այստեղ, ապա արտաքին հարաբերություններում նման մոտեցումը չափազանց վտանգավոր է, իսկ հետևանքների գինը վճարում է ժողովուրդը։
«Ես չեմ չէ հրավիրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը կոշտ հայտարարություններ արեց ՀՀ տարածքից ՌԴ–ի հասցեին։ Ի՞նչն էր ստիպում այդքան շտապ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Լիտվայի հետ՝ մի երկրի, որը հայտարարել էր, թե պատերազմի մեջ է ՌԴ–ի հետ՝ պետք է գրավել Կալինինգրադը»,-ասել է է նա:
Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, որ 44-օրյա պատերազմից հետո ՀԱՊԿ-ը չմիջամտեց ՀՀ դիմումներին ի պատասխան, նա նշել է, որ ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր անդամ պետություններն Ադրբեջանի հետ ունեն ավելի սերտ հարաբերություններ, քան Հայաստանի հետ։ Նրա գնահատմամբ՝ կազմակերպությունը նման որոշում չէր ընդունի, իսկ Ռուսաստանը նման քվեարկության դեպքում կմնար միայնակ։
ՌԴ -ից երկկողմ աջակցության հնարավորության վերաբերյալ հարցին Քոչարյանը նշել է, որ, որքան իրեն հայտնի է, համապատասխան ընթացակարգերը չեն կիրառվել։
«Ես այդ հարցը կլուծեի մեկ զանգով»,-հավելել է նա:
Նա նաև հավելել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում նման պատերազմ ուղղակի չէր լինի:
Քոչարյանը կրկնել է այն տեսակետը, ըստ որի Փաշինյանն իր հայտարարություններով և գործողություններով պատերազմը դարձրել է անխուսափելի, տապալել է բանակցային գործընթացը և տարածքային պահանջների միջոցով Ալիևի համար լեգիտիմացրել է հարձակումը՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է և վերջ»։
«Ես նման հայտարարություններ չեմ արել։ Ընթանում էին ինքնորոշման շուրջ բանակցություններ։ Տարածքային պահանջներ չկային։ Ընդհակառակը, ես ԵԽԽՎ-ում ասել եմ, որ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Ղարաբաղի հետ, որովհետև այդ ժամանակ ինքնորոշման գործընթաց էր գնում։ Տարածքային ամբողջականությունը մի սկզբունք է, որը կարևոր է նաև ՀՀ համար, նա էլ իր տարածքն ունի»,- ընդգծել է Քոչարյանը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





