AM
30 Մայիս 2026 - 07:50 AMT

Հավաք` Արցախի ներկայացուցչության շենքի մոտ․ Երիցյանն ասել է, որ արցախցիները կարող են մասնակցել ընտրություններին

Մայիսի 29-ին արցախցիները հավաքվել էին Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի ոչ միայն կալանքի տակ գտնվող Արթուր Օսիպյանից, այլև մյուս արցախցիներից նրանց «փախածներ» անվանելու համար։

Անդրադարձ է եղել նաև արցախցիների ընտրելու իրավունքին: Փաստաբան Ռոման Երիցյանը, դիմելով հավաքվածներին, կրկին ասել է, որ արցախցիները ևս կարող են մասնակցել առաջիկա ընտրություններին, հայտնում է Factor.am-ը:

Վերջին օրերին փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրառումներ է կատարել՝ ընդգծելով, որ արդեն առկա են դատական ակտեր, որոնց հիման վրա դեռևս ՀՀ քաղաքացիություն չստացած արցախցիները կարող են իրացնել իրենց ընտրական իրավունքը։

«Չորս հոգի դիմել են դատական պաշտպանության՝ ընտրացուցակներում իրենց ներառելու պահանջով։ Նրանցից երեքի պահանջը դատական ակտով բավարարվել է, ընդ որում, այդ որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերանայման ու բողոքարկման ենթակա չեն։ Մեկի մերժումը զուտ պայմանավորել է այն հանգամանքով, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական, այլ վարչական դատավարության կարգով։ Այսինքն՝ չի ասել՝ արցախցին չունի ընտրական իրավունք։ Իսկ մնացած երեք դատական ակտերով հստակ արձանագրվել է, որ արցախցին, անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից, քաղաքացիություն ընդունելուց կամ չընդունելուց, ունի ընտրական իրավունք»,- մանրամասնել է փաստաբանը։

Երիցյանը մատնանշել է, որ «Քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է կրել բացառապես ՀՀ քաղաքացին, և եթե արցախցին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, որի առաջին էջում նշված է նրա՝ ՀՀ քաղաքացի լինելը, ապա այդ քաղաքացիությունը կարող է դադարել միայն օրենքով նախատեսված կարգով։

«Այլ եղանակով քաղաքացիությունը դադարեցնել հնարավոր չէ։ Իսկ որևիցե օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ, որ քաղաքացու քաղաքացիությունը կարող է դադարել կառավարության որոշմամբ։ Սա է դատարանի որոշման տրամաբանությունը։ Դատարանն ասում է՝ եթե դու այդ մարդուն շնորհել ես ՀՀ քաղաքացիություն կամ այդ մարդը ունի ՀՀ քաղաքացիություն, ապա կառավարության որոշմամբ այն դադարել չի կարող։ Եվ քանի որ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի ուժով ՀՀ քաղաքացին ունի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու և քվեարկելու իրավունք, ուստի արցախցիները այդ պարզ տրամաբանությամբ կարող են մասնակցել սպասվող ընտրություններին»,-ասել է Երիցյանը:

Փաստաբանի այս պնդումներին վերջին օրերին հակադարձել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Ծառայության պետ Նելլի Դավթյանը շեշտել է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելն է։

Անդրադառնալով դատական ակտերին՝ ծառայությունը շեշտել է, որ նման որոշումներ կայացնելու իրավասություն ունի ոչ թե Քաղաքացիական, այլ Վարչական դատարանը։

Հավաքի ընթացքում Ռոման Երիցյանը ծառայության այդ հայտարարությունը «անհեթեթ» է որակել։

«Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունը՝ բառի բուն իմաստով անարգանք է, որովհետև դատարանը իր որոշման մեջ հստակ նշել է՝ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ ՆԳՆ-ն սա անտեսեց, ասում է՝ չէ, այդպես չէ։ Ու գիտեք զարմանալին ինչն է, որ Ներքին գործերի նախարարությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ Բողոքարկել է մի որոշում, որը որ բողոքարկման ենթակա չէ։ Հաջորդ գործողությունները, որոնք իմ մոտ շատ մեծ զարմանք են առաջացրել՝ կայծակնային արագությամբ դատարանը վարույթ է ընդունել, Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել բողոքարկման ոչ ենթակա որոշումը։ Ընդ որում, եթե նախկին դատավարական օրենսգրքով դատական ակտերը, եթե դրանք հանգեցնում են առերևույթ դատական սխալի կամ մարդու սահմանադրական իրավունքների բուն էության խաթարման և այլն, արդարադատության բուն էության խաթարման, ապա Վերաքննիչ դատարանը ուներ նման բողոքները վարույթ ընդունելու հնարավորություն՝ անկախ դրանք բողոքարկման ենթակա լինելու հանգամանքից։ Նոր դատավարական օրենսգրքով Վերաքննիչ դատարանը նման լիազորություն չունի։ Մինչդեռ կայացնում է կայծակնային արագությամբ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում՝ արձանագրելով, որ չկան բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր»։

Հավաքի մասնակիցները անդրադարձել են նաև արցախցի Արթուր Օսիպյանի վիճակին, որն արդեն 11-րդ օրն է հացադուլի մեջ է։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։