AM
30 Մայիս 2026 - 08:20 AMT

Ծառուկյան․ Ասո՞ւմ էի, որ չի կարելի Ռուսաստանի հետ թշնամանալ

Ռուսաստանի հետ չի կարելի թշնամանալ, հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Աջափնյակ վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ: Նա հավելել է, որ օր-օրի այն, ինչ ասել է, կատարվում է՝ հավանաբար նկատի ունենալով ռուսական սահմանափակումները։

«Ասու՞մ էի, որ չի կարելի Ռուսաստանի հետ թշնամանալ, ասել եմ, չէ՞։ Հիմա տեսնում ե՞ք՝ ինչ ա կատարվում: Դրա համար պետք է մտածեն երկրի, ժողովրդի համար: Ընտրությունը թող շատ լինի, բայց կոնկրետ պետք է ընտրես ամենալավը, որն անվտանգ ա քո երկրի համար, քո ժողովրդի համար, քո ժողովրդի առօրյայի համար», – հայտարարել է ԲՀԿ առաջնորդը, հայտնում է «Ազատությունը»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր փեսան՝ Կարապետ Գուլոյանը, դատարանի որոշմամբ արդեն պետությանն անցած տնից գողություն է անում՝ քարեր պոկելով, Ծառուկյանն ասել է, որ դա եղել է որոշումից առաջ՝ «մի տարի, տարիուկես առաջ»:

«Գուլոյանը, որ իրա տունը ես ասել եմ փոքր է իր երեխաների համար, էդ դա շուտ ա եղել՝ մինչև որոշումից առաջ: Վարպետներին բռնել տարել են, որ էդ վարպետները ոչ թե քար քանդող տանող են, այլ կառուցում են, գեղեցկացնում են: Ու Գուլոյանն էլ իրա փաստաբանին ասել ա՝ «դիմեք, որ էրկու միլիոն ու կես ա, ես չեմ ընդունել, բայց որոշումը ես պատրաստ եմ էդ էրկու միլիոն ու կեսը վճարեմ՝ իմ հորական, պապական տունը, իմ երեխեքի տունը մնա»: Վարպետներին տարել են երեք օր միլիցիա, վարպետները ցուցմունքը տալիս են, այո: Իսկ էդ քանդելը եղել ա էդ որոշումից առաջ, մի տարի, տարիուկես առաջ»,-ասել է նա:

Ծառուկյանի պնդմամբ՝ տունը պետականացնելուց հետո իր փեսան բնակվում է վարձակալած բնակարանում։

Վարչապետի մյուս մեղադրանքներին, ինչպես նաև հնչեցրած այն հայտարարությանը, թե Ծառուկյանը վանդակում է ապրելու, «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը նպատակահարմար չի համարել արձագանքել։ Ավելի վաղ թիմակիցների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ դեմ է վիրավորանքներին, ցեխ շպրտելուն և կոշտ պատասխաններին:

«Ես ասել եմ՝ առաջինը ես չեմ սկսում, մարդիկ ասում են, պատասխանը ստանում են», – հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։

Աջափնյակի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում Ծառուկյանը կրկին հավաստիացրել է, որ իր խոսքն ուղեկցվում է գործով։ Նա խոսել է անվճար կրթության, առողջապահության և երաշխավորված խաղաղության մասին։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։