AM
30 Մայիս 2026 - 09:12 AMT

Իոաննիսյանը հաղրոդում է ներկայացրել․ «Ծրագրել են զավթել իշխանությունը՝ ՀՀ որոշ քաղաքացիների ներգրավմամբ»

«Անկախ դիտորդ» դաշինքն իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Վերջին ժամանակահատվածում հրապարակվել են մի շարք հետաքննություններ հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, որոնց թվում են The Insider-ը, Radio France Internationale-ը, Dossier-ը, Reuters-ը, ինչպես նաև Փաստերի ստուգման հարթակը։ Հանրայնացվել են բարձր վստահելիությամբ ուսումնասիրություններ, որոնք վկայել են, որ ՌԴ մի շարք պաշտոնատար անձինք, ներգրավելով նաև ՀՀ որոշ քաղաքացիների, փորձել են Հայաստանում զավթել իշխանությունը, ինչպես նաև իրականացրել են փողերի լվացման գործողություններ։

Մասնավորապես, հիշյալ հրապարակումների համաձայն, ՌԴ նախագահի աշխատակազմի և հատուկ ծառայությունների մի շարք ներկայացուցիչներ առերևույթ ծրագրավորել, կազմակերպել և ֆինանսավորել են Հայաստանում հետևյալ գործողությունները՝

  1. Ապատեղեկատվության կանխամտածված ստեղծում և տարածում՝ հանրային կարծիքի առաջատարների (ЛОМ-երի) և լրատվամիջոցների միջոցով,
  2. Քաղաքական ուժերի ֆինանսավորում և այդ ուժերին տարբեր այլ տեսակի աջակցությունների տրամադրում,
  3. Ռուսաստանում բնակվող ընտրողների նկատմամբ ճնշումներ և պարտադրանքներ,
  4. Վերոնշյալի հետ փոխկապակցված այլ անօրինական գործողություններ։

Հետաքննված և հրապարակված նյութերի համաձայն՝ նշված գործողությունների նախապատրաստման և իրականացման ընթացքում մշակվել են սխեմաներ, ծրագրեր և հատկացվել են համապատասխան միջոցներ։

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացրած հաղորդումն այս ամենի վերաբերյալ կազմել է 15 էջ և ներառել է բոլոր մանրամասները։ Այն, բացի The Insider-ի, Radio France Internationale-ի, Dossier-ի, Reuters-ի և Փաստերի ստուգման հարթակի նյութերին կատարված հղումներից, պարունակել է նաև Ֆրանսիայի և ԵՄ մի շարք պետական մարմինների իրականացրած ուսումնասիրությունների հղումներ։ Դիմումով նաև խնդրվել է ուսումնասիրել «Կովկասի Խրոնիքոնը» կայքում հրապարակված նյութերն ու ներկայացված սխեմաները»,-ասվում է գրառման մեջ:

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։