Կալանքի տակ գտնվող և հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանը հանդես է եկել հանրային կոչով՝ հայտարարելով, որ պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի իրենից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից: Նրա կոչը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, ինչից հետո Օսիպյանը ձերբակալվել է, ապա երկու ամսով կալանավորվել է։ Արցախցի գործիչն արդեն 11 օր հացադուլ է անցկացնում։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։
«Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։
Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30,000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր»,-ասվում է Օսիպյանի հայտարարության մեջ:
Նա կոչ է արել բոլոր «արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում»։
Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ հայտարարել են, որ Օսիպյանի կալանավորման համար բավարար հիմքեր չկան, կիրառված միջոցներն անհամաչափ են, իսկ նա, նրանց գնահատմամբ, քաղբանտարկյալ է։





