«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նույն ընտանիքի 4 անդամի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագռելու համար, հայտնում է Քննչական կոմիտեն:
Մասնավորապես, ըստ վարույթի նյութերի, ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստանի» կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով քաղաքացիների մասնակցությունն ապահովելու նպատակով նյութապես շահագռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասների, խոստանալով հավաքի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակցի տրամադրել 10,000 դրամ։
Բացի այդ, Երևան քաղաքի քննչական վարչությունում քննված մեկ այլ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, նրանց տեղափոխումը Երևան, սննդով ապահովումը և խոստացված գումարների բաշխումը համակարգելու համար։
Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դրանք հաստատելու և հետագայում դատարան ներկայացնելու միջնորդությամբ։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։





